Սուրբ Զաքարիայի հիշատակության օր

Սուրբ Զաքարիայի հիշատակության օր

Մարգարեն Աստծո պաշտոնյան է, ով Աստծո կամքն է փոխանցում մարդկանց: Մարգարեի հիմնական հատկանիշն անկաշառ, անկախ, անվախ և աստվածային խոսքին հավատարիմ լինելն է: Մարգարեությունների հեղինակն Աստված Ինքն է: Նա Իր հայտնությունը Սուրբ Հոգու ներշնչմամբ տվել է մարդուն, ով  յուրացնելով այն` մտքի, սրտի և հոգու ինքնատիպությամբ փոխանցել է ժողովրդին:


 

Սուրբ Զաքարիա մարգարեն աստվածաշնչյան 12 փոքր մարգարեներից է: Աստվածաշունչ մատյանում 14 գլուխներից բաղկացած նրա գիրքն ամենամեծն է փոքր մարգարեների գրքերից և կոչվում է նաև Հույսի գիրք: Այն բովանդակում է մարգարեի ինը տեսիլքները, որոնց միջոցով Տերը սթափեցնում է Իր ժողովրդին անտարբերության թմբիրից, քաջալերում վերսկսել Երուսաղեմի տաճարի շինությունը, ցույց տալիս, որ Իր զորավոր աջով պահպանում է Հրեաստանը աշխարհի ալեկոծությունների մեջ, կոչ է անում չնմանվել գերությունից առաջ կռապաշտության ու բազում անօրինությունների մեջ ընկած իրենց նախահայրերին, այլ պատվել Աստծուն ոչ թե ձևական, այլ ճշմարիտ բարեպաշտությամբ, որպեսզի առհավետ վայելեն Տիրոջ օրհնությունն ու զորավոր պահպանությունը: 


 

Սուրբ Զաքարիայի ողջ կյանքն ու գործունեությունը անցել է  Աստծուն հիշելու, պաշտելու Նրա Սուրբ հավատքը քարոզելու մեջ: Այսպես ասաց Ամենակալ Տերը. «Եթե իմ ճանապարհներով գնաս և պահես իմ հրամանները, դու  կլինես դատավորը իմ Տան. և եթե պահես իմ գավիթները, քեզ կդարձնեմ մեկը նրանցից, որոնք ահա՛, շրջում են դրանց մեջ։ Բայց լսի՛ր, Հեսու մե՛ծ քահանա, դո՛ւ և քո մերձավորները, որ նստած են քո առաջ, քանզի նրանք գիտակ կանխատես մարդիկ են։ Ահա՛, ես բերում եմ իմ ծառային՝ Շառավիղին, քանի որ այն քարի վրա, որ դրեցի Հեսուի դիմաց, յոթը աչքեր կան. ահա՛, ես խորխորատ պիտի փորեմ, - ասում է Ամենակալ Տերը, - և պիտի շոշափեմ այդ երկրի ամբողջ անօրենությունը մեկ օրում։ Այն օրը, - ասում է Ամենակալ Տերը,-բոլորդ պիտի կանչեք, յուրաքանչյուրն իր ընկերոջը, որթատունկի և թզենու տակ» (Զաքարիա 3.7-10)։


 

Սուրբ Զաքարիայի մարգարեությունն արժեքավոր է ոչ միայն իր տեսիլքներով, այլև Քրիստոսի` Մեսիայի գալստյան մասին մարգարեություններով: Նա մարգարեացել է Մեսիայի (Հիսուսի) գալուստը, Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ, խաչելությունը, գեղարդով խոցվելը, երեսուն արծաթով վաճառվելը և այլն:



Ըստ Մատթեոս Ավետարանչի, Զաքարիա մարգարեն սպանվել է Տաճարում (Մատթ.23․35): Հայ Եկեղեցին Զաքարիա մարգարեի հիշատակը նշում է Հոգեգալստյան 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը։

  • 2021-08-20
×