«Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20)

«Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20)

«Ամեն իշխանություն տրվեց Ինձ երկնքում և երկրի վրա: Ինչպես որ Հայրն Ինձ ուղարկեց, այնպես էլ Ես ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտնե՛րը դարձրեք: Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28:18-20),- հենց սա էր Քրիստոսի վերջին՝ Ձիթենյաց լեռան վրա իր համբարձումից առաջ տրված պատգամը  12 առաքյալներին։ Նրանք ընտրվել են Քրիստոսի կողմից և կոչվում են առաքյալներ, քանի որ ուղարկվել են՝ Աստծո պատվիրանները քարոզելու մարդկանց: Աննկարագրելի է 12 առաքյալների սխրանքը և առաքելությունը, դժվարին՝ ճանապարհը, սակայն չնայելով բոլոր դժվարություններին, անգամ նահատակվելու մեծ հավանականությանը, և հավատարիմ մնալով Փրկչի վերջին պատգամին՝ առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, ինչպես նաև մկրտեցին նրանց՝ դառնալով քրիստոնեական եկեղեցու հիմնադիրներ։ Նրանք դարձան լուսավորիչները, Աստծո խոսքը տարածողներ ու պահպանողներ, ինչպես նաև կենդանի վկաներ՝ Քրիստոսի կյանքի։ Առաքյալները սրբորեն պահեցին Քրիստոսի պատգամը և հավատարիմ մնացին իրենց առաքելությանը։ 


 

12 առաքյալներն էին․

Պետրոս առաքյալը, ով Աստվածաշնչում հիշատակվում է նաև որպես Սիմոն, Սիմեոն։ Նա մի ձկնորս էր, ով դարձի բերեց հեթանոս Կոռնելիոսին։

Հովհաննես առաքյալը, ովՀակոբոս առաքյալի հետ անվանվում է նաև Որոտման որդի՝ իր բուռն խառնվածքի տեր լինելու պատճառով։ Նոր Կտակարանի գրքերից առաքյալի գրչին են պատկանում Հովհաննեսի Ավետարանը, երեք ընդհանրական նամակները և Հայտնություն գիրքը:

Անդրաես առաքյալն առաջինն էր, ով միացավ Քրիստոսին՝ Հովհաննեսի հետ։ Նա Ռուսաստանի, Հունաստանի և Շոտլանդայի պահապան սուրբն է համարվում:

Թովմա առաքյալը բնորոշվեց որպես «անհավատ» Հիսուսի հարությունից հետո, երբ հրաժարվեց հավատալ հարությանը. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. 20:25): Բայց տեսնելով Ուսուցչին՝ անմիջապես հավատաց ու ասաց. «Տեր իմ և Աստված իմ» (Հովհ. 20:28):

Մատթեոս առաքյալը, ով հարկահավաք էր,  հեղինակն է Նոր Կտակարանի առաջին գրքի` Մատթեոսի Ավետարանի: Նրա Ավետարանը չորսից ամենաընդարձակն է։ Նա կոչվել է նաև Ղևի, որ նշանակում է Աստծո ընծա։ 

Հակոբոս առաքյալը Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրն էր, ձկնորս։ Նա Քրիստոսի ամենահավատարիմ աշակերտներից էր։ Այժմ նա համարվում է Իսպանիայի պահապան սուրբը:

Փիլիպպոս առաքյալը առաջինը կանչված առաքյալներից է։ Նա Բեթսայիդայից էր։ Ուսումնասիրելով սուրբ գրությունները, որտեղ նշվում էր Մեսսիայի հայտնվելու մասին՝ նա չգիտեր, որ Մեսսիան արդեն իսկ ապրում էր մարդկանց մեջ: Եվ մեծ եղավ նրա երջանկությունը, երբ Քրիստոս տեսավ նրան ու կանչեց իր ետևից:

Սիմոն Կանանացի կամ Նախանձահույզ անվանվող առաքյալը, ավանդության համաձայն, մեկնել է Պարսկաստան և այնտեղ էլ  նահատակվել։

Ալփեոսի որդի Հակոբոս առաքյալը Մատթեոս Ավետարանչի եղբայրն է և քարոզել է Ավետարանը Պաղեստինում և Եգիպտոսում, որտեղ էլ նահատակվել է՝ չարչարանքների ենթարկվելով։ 

Թադեոս առաքյալը, որ կոչվում է նաև Եռանվանի, համարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր առաքյալներից մեկը՝ Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին։ Վերջինս կոչվում է նաև Նախադավան, քանի որ առաջինն էր, ով դավանեց Հիսուսին՝ որպես Աստծո Որդի:

Հուդա Իսկարիովտացուն Մատթեոս և Մարկոս Ավետարանիչները զանազանում են՝ նշելով՝ «որ նրան մատնեց»։ Քրիստոս ինքը գիտեր այդ մատնության մասին և անգամ հայտնել էր իր աշակերտներին․ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Հովհ․ 13։21)։ Հուդան հետագայում զղջում է իր մատնության համար՝ տեսնելով, որ Քրիստոս դատապարտվեց։ Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը:


 

12-ից զատ՝ կան նաև Քրիստոսի պատվիրանների այլ քարոզիչներ, ովքեր ևս կոչվում են առաքյալներ։ Նրանցից մեծագույնը Սուրբ Պողոս առաքյալն է, ով կոչվում է նաև 13-րդ առաքյալ և այս օրը հիշատակվում 12-ի հետ։ Լինելով նախանձախնդիր հրեա ու փարիսեցի՝ նա հալածում էր քրիստոնյաներին: Սակայն մի անգամ, երբ Սավուղը գնում էր քրիստոնյաներին հալածելու, շլացուցիչ լույս է տեսնում ու լսում Հիսուսի ձայնը. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում Ինձ»: Սավուղը լույսից կուրանում և տարվում է Դամասկոս, որտեղ Անանիան ձեռնադրում է նրան ու վերականգնում տեսողությունը: Այս ամենից հետո Սավուղը, ով հետո վերանվանվում է Պողոս, հավատում է Քրիստոսին և դառնում Նրա ջերմեռանդ աշակերտն ու քարոզիչը։ Առաքյալից մեզ հասել են Նոր Կտակարանի մաս կազմող 14 նամակներ:

 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար՝ Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը, այս տարի՝ հուլիսի 11-ին։

 
  • 2021-08-20
×