Սուրբ Գրքի անառարկելի հեղինակությունը պայմանավորված է Աստվածային ծագումամբ, անսխալականությամբ՝ ի տարբերությունն աշխարհում գրված տասնյակ միլիոնավոր գրքերի։
Մարգարեների գրվածքներում, որ զետեղված են Սուրբ Գրքում, մենք գտնում ենք Աստծու էության ու Նրա հատկանիշների՝ հզորության, սրբության, ամենագիտության, ողորմածության մասին նկարագրություններ։ Եվ պատահական չէ, որ մարգարեներն իրենց՝ Աստծու կողմից կանչված լինելու իսկությունն ապացուցում էին Աստծու զորությամբ կատարվող մեծ հրաշագործություններով:
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Եսայի մարգարեի հիշատակության օրը: Նա Աստվածաշնչյան մեծ մարգարեներից առաջինն է, և ամենաշատն է մարգարեացել Մեսիայի` Փրկչի` Քրիստոսի մասին։
Ենթադրվում է, որ Ք.ա 740 թվականին Եսային մարգարեական ծառայության է կանչվել Աստծու կողմից և Տիրոջը ծառայել ավելի քան 40 տարի: Նրա՝ պատմության ասպարեզ իջնելը համընկնում է Հուդայի թագավորության ծաղկման երկարատև շրջանի հետ։ Դա մի ժամանակահատված էր, երբ ի հայտ եկավ կալվածատերերի խավը, որը զավթում էր բոլոր հողերն ու է՛լ ավելի ընչազրկում աղքատներին: Մարդիկ Աստծուց հեռանալու և կռապաշտությանը հարելու պատճառով կործանման եզրին էին գտնվում, ուստի՝ Եսայի մարգարեն քննադատում էր այն, ինչը, ըստ նրա, հակասում էր Աստծու կամեցած արդարությանը, և նախազգուշացնում մարդկանց Տիրոջ զայրույթի մասին:
Սուրբ Եսայի մարգարեի անունը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Տերը կփրկի», և դա պատահականություն չէ: Աստծո կամքով՝ Եսային մարգարեացավ, որ մարդկության Փրկիչը ծնվելու է Կույսից, ինչպես նաև կանխահայտնեց Տիրոջ չարչարանքները: Որոշ իրադարձություններ նա մարգարեացել է այնպիսի հստակությամբ, ասես անձամբ ականատես է եղել դրանց: Այդ պատճառով նրան հաճախ կոչում են հինկտակարանյան ավետարանիչ:
Իր մարգարեական ծառայության 60 տարիների ընթացքում Եսայի մարգարեն շարունակ ենթարկվում էր հալածանքների, և միայն բարեպաշտ Եզեկիա թագավորի օրոք էր, որ նա պատիվ էր վայելում և նույնիսկ արքայի մերձավոր խորհրդականն էր:
Նրա կյանքն ավարտվեց նահատակությամբ․ հնագույն ավանդության համաձայն՝ Մանասե թագավորը, չհանդուրժելով մարգարեի հանդիմանությունները, հրամայեց նրան մահապատժի ենթարկել՝ սղոցելով: