Մեր Տեր Հիսուս Քրիստոս, երբ արդեն երկինք պիտի համբարձվեր, իր աշակերտներին պատվիրեց քարոզել Ավետարանը բոլոր ազգերին ու նրանց մկրտել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով (Մտթ. ԻԸ 19, Մարկ. ԺԶ 15): Այս պատգամին հնազանդ՝ առաքյալները սփռվեցին աշխարհով մեկ և Ավետարանը սկսեցին քարոզել բոլոր ազգերին՝ ցույց տալով նրանց փրկության ճանապարհը:
Ավանդության համաձայն` Տիրոջ առաքյալներից երկուսին՝ Ս. Թադեոսին և Ս. Բարդուղիմեոսին վիճակվեց գալ Հայաստանը: Առաջինը Հայաստան է գալիս Թադեոսը, ով հայտնի է նաև Ղեբեոս (Մտթ. 10. 3) և Հուդա (Ղուկ. 6. 16) անուններով: Թադեոսը իր քարոզչությունը սկսում է Միջագետքից, այնուհետև լինում Եդեսիայում: Թադեոսի մասին վկայաբանությունից տեղեկանում ենք, որ Եդեսիայում եղած ժամանակ բազմաթիվ հրաշքներ է գործում, բուժում է Աբգար թագավորին, ինչից հետո, բազում եդեսիացիներ հավատում են նրան ու արքայի հետ արժանանում մկրտվելու բախտին:
Քարոզչությունն ավարտելով՝ առաքյալը անցավ Հայաստան, որտեղ տիրում էր կռապաշտությունը: Ս. Թադեոսը, շրջելով զանազան քաղաքներում, քարոզեց քրիստոնեությունը, շատերը հավատացին Հիսուսին և մկրտվեցին:
Առաքյալի քարոզչությամբ դարձի է գալիս նաև Սանատրուկ արքայի դուստրը՝ Սանդուխտը: Իմանալով դստեր հավատքի մեջ անսասան լինելու մասին՝ արքան փորձում է նրան հեռացնել քրիստոնեությունից, ամուսնացնել ու նրա համար երկրային երջանկություն ապահովել: Սակայն Սանդուխտը իրեն արդեն նվիրել էր Երկրային Արքայությանը և չի զիջում հոր թախանձանքներին: Այս ամենը տեսնելուց հետո արքան հրամայում է սրի քաշել բոլոր նորադարձներին, իսկ Սանդուխտին բանտարկել: Սանատրուկը ֆիզիկական տանջանքների է ենթարկում երկուսին էլ, և դրանով ցույց է տրվում բռնացողների դաժանությունը և Երկնային Թագավորության նվիրյալների տոկունությունը: Նրանց պայքարն ուղեկցվում է կտտանքներին ի պատասխան դրսևորովող համառ դիմադրությամբ: Դա մարմինը ուրանալու, ցավերը արհամարհելու մի ընթացք է, որին միջամտում են Աստված և Նրա հրեշտակները:
Ի վերջո, մոլեգնած արքան հրամայում է սպանել դստերը, որը դառնում է հայ առաջին կին մարտիրոսը: Սպանվում է նաև Թադեոս առաքյալը, որին սկզբում նետում են գազանների առաջ, ապա հնոցը, ի վերջո, սրով խողխողում: Նրա նահատակության պահին հանկարծ լույս է ծագում, բացվում է այն վեմը, որով Թադեոսը ծածկել էր Սանդուխտի գերեզմանը, առաքյալի մարմինն ամփոփվում է այնտեղ:
Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի գերեզմանների տեղը մի քանի դար հայտնի չէր։ 5-րդ դարում՝ Հովհան Մանդակունի կաթողիկոսի և Վահան Մամիկոնյան մարզպանի օրոք, Կիրակոս անունով մի ճգնավոր տեսիլքով իմանում է նրանց տեղը, և մի քահանայի հետ փորելով տեսիլքով մատնանշված տեղերը՝ գտնում է սուրբ նշխարները։
Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների նահատակությամբ, սակայն, նոր վարդապետության քարոզչական աշխատանքները չեն դադարում. այդ գործը շարունակում են նրանց աշակերտները, որոնք անտեսելով մշտական հետապնդումները՝ անվարան առաջ են տանում իրենց ուսուցիչների գործը մինչև Հայաստանի ամբողջական դարձը՝ Գրիգոր Լուսավորչի ձեռքով։