Այսօր սուրբ նախահայրերի հիշատակության տոնն է
Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում։ Բոլորիս հետաքրքրում են այս հարցերը՝ որպես անհատ, ազգի ներկայացուցիչ և որ կարևորն է՝ քրիստոնյա։ Չէ՞ որ հենց ինքնությամբ ենք բացահայտում մեզ, մեր հավատալիքները, սովորույթները ու ավանդույթները։ Չէ՞ որ ինքնության գիտակցությունն է մեր մեջ ամրապնդում շատ արժեքներ, որոնք անգամ գիտակցված չէին նախկինում։ Չէ՞ որ շատ արժեքներ սերմանվում և ավանդվում են հենց մեր սուրբ նախահայրերի կողմից։
Նախահայրերը Հին Կտակարանի այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «պատրիարք» բառը, որն օգտագործվում էր կրոնական և աշխարհիկ առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նահապետը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. 4:17-18) սկսվում է Կայենով` հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը (Ծննդ. 5:30-31) սկսվում է Սեթով՝ վերջանալով կրկին Ղամեքով:
Նահապետները կարևոր նշանակություն ունեն Հայտնության պատմության մեջ: Տերն Իրեն հայտնի դարձրեց նահապետներին՝ նրանց հայտնվելով իրական կյանքում և տեսիլքներում:
Աստվածաշնչից մեզ հայտնի է ՝ առաջին տղամարդն ու կինը Ադամն ու Եվան էին, որ ստեղծված էին Աստծո պատկերով և նմանությամբ: Աստված նրանց պատգամել էր, որ աճեն, բազմանան և տիրեն աշխարհին: Եվ թեև այսօր մարդկության նախահայր Ադամի անունը հիշատակվում է որպես Աստծո դեմ ըմբոստացածի, միաժամանակ որպես մարդկային ցեղի սկիզբ՝ կարևորագույն դերակատարություն ունեն Ադամը և նրա կյանքը: Այսպես Քրիստոնեական Եկեղեցին սրբերի շարքին է դասել նաև նրան՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ Քրիստոսի փրկչական արյունը թափվել է բոլոր ադամորդիների համար՝ սկսած նախահորից, և որ Ադամի փրկությամբ վերանում է ադամական անեծքը բոլոր նրանցից, ովքեր ապաշխարելով հավատում ու մկրտվում են՝ դառնալով Քրիստոսի Եկեղեցու անդամ:
Իսկ Աբրահամը եղավ մեկնակետը Աստծու ժողովրդի համար: Նա շատերի հայր կոչվեց և Աստծո բարեկամ: Նա եղավ Տիրոջը անվերապահորեն վստահող հավատացյալ, ով 175 տարի ապրելով՝ այդ հավատը փոխանցեց իր սերունդներին: Աստված ինքն էր խոստացել, որ հենց նրանց միջոցով է փրկելու երկրի բոլոր ժողովուրդներին։ «Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, և դու օրհնյալ կլինես»,- ասաց Տերը, ինչպես Ծննդոցում է վկայվում (Ծննդ. 12։2): Եվ այդ է պատճառը, որ նահապետ ասելիս առաջին հերթին հասկացվում են Աբրահամը, Իսահակը և Հակոբը:
Աբրահամը, Տիրոջ կամոք, 100 տարեկանում որդի ունեցավ, ում կոչեց Իսահակ: Իսահակն, ապրելով 180 տարի, հավատարիմ մնաց ստացած ուխտին: Նա էլ երկու որդի ունեցավ ՝ Հակոբ և Եսավ անուններով: Այսպիսով՝ Աբրահամ նահապետից սկիզբ առավ ճշմարիտ հավատը, որն աստիճանաբար աճեց ու զորացավ մյուս սերունդների մեջ, ովքեր հավատարիմ մնացին նախահորից ստացած ուխտին:
Սուրբ նախահայրեր են համարվում Ադամը, Աբելը, Սեթը, Ենովսը, Ենովքը, Նոյը, Մելքիսեդեկը, Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Հովսեփը, Մովսեսը, Ահարոնը, Եղիազարը, Հեսուն, Սամուելը, Սամփսոնը, Հեփթայան, Բարակը, Գեդոենը և այլք։ Նախահայրերն են, որ կարողացել են անաղարտ պահել իրենց հավատը ճշմարիտ Աստծո հանդեպ և Աստծո ամենազոր կամքի իրագործողներ դառնալ՝ կատարելով իրենց վերապահված կարևոր դերը։ Վայելելով ու զգալով Աստծո ներկայությունը՝ նրանք խրատում, զգուշացնում և ուսուցանում էին ժողովրդին՝ ետ պահելով խոտոր ճանապարհներից: Այսօրվա ապրողներիս համար էլ արժեքավոր է նրանց՝ արդարությանը ձգտելու ու հասնելու սուրբ տենչը, Աստված-մարդ հարաբերության անմիջականությունը։ Եվ թո՛ղ որ մեր հավատի ճանապարհին որպես օրինակ ունենանք հենց նրանց։
Սուրբ նախահայրերի հիշատակության տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի նշում է հուլիսի 30-ին։