Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Թովմա առաքյալի հիշատակության օրը:
Վերջինս հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նկարագրվում է, թե ինչպես մյուս առաքյալներն ավետեցին Քրիստոսի հարության լուրը, իսկ Թովման պնդեց, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի: Մեկ շաբաթ անց Քրիստոս կրկին Վերնատան մեջ հայտնվեց առաքյալներին և Թովմային դիմելով ցույց տվեց Իր վերքերը: Առաքյալը, հավատալով ծնկի եկավ և խոստովանեց. «Տե՛ր իմ և Աստված իմ» (Հովհ. 20: 28):
Առաքյալի այս օրինակը մատնանշում է երբեմն մեր` հավատացյալներիս կասկածը Քրիստոսի հանդեպ: Որպես քրիստոնյա, սակայն, մեր հավատքի հաստատման ճանապարհին, ինքերս մեզ հարցնենք` արդյո՞ք Քրիստոս կարիք ունի մեզ ապացուցել իր գոյությունը:
Թեև առաքյալն էլ անվերապահորեն հավատում էր, սակայն թերահավատություն ցուցաբերեց հարուցյալ Քրիստոսի նկատմամբ, ինչպես և երբեմն մենք` շատերս: Թվում է` հավատում ենք նրան, սակայն, իրավիճակներով պայմանավորված, զգում ենք նաև, որ մեր հավատքը դեռ անվերապահ վստահության փուլում չէ: Պետք է սակայն իմանալ, որ Տիրոջ ներկայությունը փաստող ապացույցներ փնտրելու անհրաժեշտություն չկա. Քրիստոս մեզ հետ է մշտապես, լսում է մեր աղոթքները:
Եվ Փրկչին տեսնելու մեր ցանկությունը թող լինի ոչ թե նրա հարության ճշմարտացիության մեջ համոզվելու, այլ Նրան մեր կյանքի անբաժանելի մասը դարձնելու, հարության ավետիսը մեր կյանքում ունենալու համար: Թովմա առաքյալն էլ այդպիսին էր, հակառակ դեպքում Քրիստոս չէր երևա երկրորդ անգամ` հավատքն ամրապնդելու. չէ՞ որ անհավատներին Աստված չի հայտնվում:
Առաքյալն ապացուցել էր իր անձնազոհությունը դեռևս Ավետարանում հիշատակված` Ղազարոսի հարության պատմության մեջ. մինչ մյուս առաքյալները վարանում էին Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովման համարձակորեն ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16):
Քրիստոս Թովմա առաքյալին ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր․ երանի նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. 20: 29): Ուրեմն` հավատարիմ մնանք այս պատգամին, այսօր էլ մեր երբեմնի կասկածների համար զղջալով՝ աղոթք բարձրացնենք առ Տերը, ինչպես Թովմա առաքյալը. «Աստված իմ և Տեր իմ»: