Աստծո հանդեպ հավատարմությունը սկսվում է փոքր գործերից

Աստծո հանդեպ հավատարմությունը սկսվում է փոքր գործերից

Այսօր Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության օրն է

 

Երբեմն, երբ բախվում ենք այս կամ այն փորձությանը, քրիստոնյա լինելով իսկ մեղադրում ենք Աստծուն, հարցնում նրան՝ ինչո՞ւ մեզ լավ կյանք չի պարգևում, այլ միայն փորձություններ է ուղարկում։ Անգամ չարանում ենք Աստծո և աշխարհի հանդեպ, նախանձում մարդկանց, որոնք չունեն այն խնդիրները, որ մենք ունենք։ Եվ այս մոտեցումն ունենալով՝ դեռ ակնկալում ենք, որ Աստված մեզ կօգնի․ չէ՞ որ մենք հավատարիմ էինք Նրան։


 

Սակայն մեր աչքի առաջ ունենք Աստվածաշնչում ներկայացված մի մարդու՝ Հոբ Արդարի օրինակը, ով թեև հարուստ էր,  «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1:1), սակայն Աստծո թողտվությամբ ենթարկվեց մի շարք փորձությունների։ 


 

Հոբն աղքատացավ, հիվանդացավ, կորցրեց անգամ իր զավակներին, սակայն երբևէ չկորցրեց հավատարմությունն Աստծո հանդեպ, սերն առ Աստված։
Ստեղծված իրավիճակի մասին կնոջ դժգոհությանն ի պատասխան Հոբն ասում է. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերե՞նք» (Հոբ 2:10)։ Մենք էլ՝ որպես ճշմարիտ քրիստոնյաներ, մի պահ կանգ առնենք մեր ընթացքի մեջ՝ խորհելով այս մտքի շուրջ։ Աստծո պարգևներն ընդունում ենք հեշտությամբ՝ որոշ դեպքերում մինչև անգամ շնորհակալ չլինելով, մինչդեռ փորձությունների դեպքում շարունակ դժգոհում ենք։


 

Իսկ Հոբը, որ արդարացված դուրս եկավ փորձություններից, արժանացավ ավելի մեծ օրհնության Աստծո կողմից։ Չէ՞ որ մարդու տառապանքները և փորձությունները նպաստում են նրա կատարելագործմանը։ Հենց այսպիսի փոքր քայլերով է, որ քրիստոնյան առավել մոտ է կանգնում Կատարյալին։


 

«Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3:3),- ասում է Հովհաննես Մկրտիչը։ Մենք էլ՝ որպես քրիստոնյաներ, այդ ճանապարհը պետք է նախ և առաջ սիրով հարթենք։ Լինենք մշտապես շնորհակալ, որ Տերը մեր կողքին է, լսում է մեր աղոթքները, և անգամ ամենահուսահատ իրավիճակներում աղոթենք, զղջանք ու ապաշխարենք։ Տերն, անշուշտ, լսելու է մեզ՝ իր զավակներին։


 

Եվ գուցե, այո՛, ճիշտ է միտքը, թե մարդկանց հանդեպ հավատարմությունը կարիք ունի ապացուցվելու․ մարդիկ ցանկանում են տեսնել մեծ գործեր՝ համոզվելու, որ դիմացինը հավատարիմ է։ Մինչդեռ Աստծու հանդեպ հավատարմության հիմքում փոքր գործերն են՝ Աստծո ամենատես աչքից երբեք չվրիպող, մշտապես վարձքի և օրհնության արժանի։

Ուրեմն՝ փորձենք չդժգոհել մեզ տրված ամեն բարիքից ու փորձությունից, այլ բոլոր դեպքերում ապրենք՝ մեր կոչմանը հավատարիմ մնալով, գործելով բարին։ Այդկերպ է, որ կհարթենք ճանապարհն առ Տերը։

  • 2021-02-20
×