Արիոսական վեճերի կենտրոնական խնդիրը Որդի Աստծո և Հայր Աստծո հարաբերության հարցն էր։
Ժխտելով Հոր և Որդու համագոյությունը՝ Արիոսը ելնում էր այն բանից, որ Աստված կատարյալ եզակիություն է, և այդ աստվածային եզակիությունը Հայր Աստված է: Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ՝ ինքնուրույն էություն:Արիոսականության դեմ հիմնական պայքարը ծավալել է Ալեքսանդրիայի պատրիարք, եկեղեցու սուրբ հայր Աթանաս Ալեքսանդրացին:
Ընդհանրական Եկեղեցին արիոսականությունը մերժել է Նիկիայի Ա տիեզերական ժողովում (325) թվականին։ Այս ժողովին մասնակցել է նաև Գր․ Լուսավորչի որդին՝ Արիստակեսը, ով ըստ ժամանակակիցների վկայության՝ վարդապետական ծառայությամբ գերազանցում է անգամ իր հորը:
Ժողովի ընդունած դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Սուրբ Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հորը` Սուրբ Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացրել է «Իսկ մեք փառաւորեսցուք... » հատվածը: Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսն իր հետ Հայաստան էր բերել նաև Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նույնպես հաստատվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից:
Նիկիայի հանգանակը ստանալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այլևս չերևաց հանրությանը: Ինքնաբերաբար Արիստակեսը ստանձնեց հայրապետական պաշտոնը և 326թ.-ին եղավ Հայոց Եկեղեցու երկրորդ կաթողիկոսը, երբ ավելի քան 60 տարեկան էր: Արիստակես հայրապետը իր հովվապետության շրջանում արթուն կերպով հետևում էր Հայաստանում քրիստոնեության տարածմանը և ամրապնդմանը՝ անվերապահորեն խարազանելով ժողովրդի կենցաղում տեղ գտած հակաքրիստոնեկան բարքերը։
Եկեղեցին դարեր շարունակ սրբացրել է այսպիսի աստվածահաճո անձանց՝ ի փառս քրիստոնեության, ուստի՝ հայոց հայրապետների սրբակրոն վարքը, քրիստոնեության տարածման և ամրապնդման համար նրանց տարած աշխատանքը, մարդասիրության և հայրենասիրության համար մղված պայքարը երբեք չեն կարող ջնջվել սերունդների հիշողությունից։