Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածամոր ծննդյան տոնը։
Աստվածածինը, ով կատարյալ կնոջ օրինակ է, իր ծնունդով իսկ փրկություն բերեց ամենքին։ Նրա ծնունդը սպասված չէր միայն իր ծնողների՝ Սուրբ Աննայի և Հովակիմի կողմից, ովքեր, չկորցնելով զավակ ունենալու հույսը, անդադար աղոթք էին բարձրացնում առ Աստված և սպասում պատասխանի՝ վստահ լինելով, որ Աստված ամենակարող է։ Տիրամոր ծնունդը սպասված էր բոլորի կողմից՝ բոլոր ազգերի ու ժողովուրդների։ Եվ Աստված, լսելով աղոթքները, Հովակիմին և Աննային պարգևեց մի զավակ, ում Աստծուն ընծայեցին՝ իրենց խոստմանը համապատասխան, իսկ ամենքիս՝ Աստվածամայր։
Իսկապես, ողջ մարդկության համար շրջադարձային էր Տիրամոր ծնունդն Աննայից։ Եվ Նրա կյանքը այսօր ևս օրինակ և մտորելու առիթ է յուրաքանչյուրիս համար։ Սուրբ Կույսը, ծնունդից ի վեր, հավատարիմ մնաց իր կոչմանն ու առաքելությունը և ընտրելով իր ուղիղ ընթացքն այդ քարքարոտ ու փորձություններով լի ճանապարհին՝ հեզությամբ տարավ Աստծուց իրեն բաժին հասածը։
Այո՛, յուրաքանչյուրս էլ լույս աշխարհ ենք գալիս հստակ առաքելությամբ, սակայն հաճախ ենք մատնվում հուսահատությունների և կամ մոլորվում՝ ընտրելով սխալ ուղին, որ հեռու է մեր առաքելությունից։ Հաճախ ստանալով բարին վերադարձնում ենք չարը՝ կրկին հեռանալով առաքելությունից։ Մինչդեռ Տիրամոր օրինակը մեզ ուսուցանում է այլ՝ կատարյալ տարբերակ՝ Աստծուց ստանալով բարին՝ բարին էլ բաշխել մարդկանց։
Աստվածամայրը ոչ մի անգամ չհպարտացավ իր կոչմամբ, ընտրյալ լինելով, այլ մշտապես ցուցաբերեց հեզություն և ծառայեց ամենքին։ Նա ոչ մի անգամ չդավաճանեց իր առաքելությանը՝ սիրո առաքելությանը, չտրվեց գայթակղությունների, մշտապես փառաբանեց Երկնային Հորը։
Իր կյանքով նա արդարացրեց իրեն շնորհված ծնունդը՝ ինքն էլ մարգարեանալով․ «Այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան» (Ղուկաս 1:48)։
Եվ այսօր՝ Աստվածամոր ծննդյան տոնին, մեր անկեղծ աղոթքները, զղջումն ու ապաշխարությունն ընծայենք Նրան՝ խնդրելով բարեխոսությունը՝ արժանավոր ծնունդ դառնալու, մեր առաքելությանը հավատարիմ մնալու և մեր կյանքում Աստծո ներկայությունն ունենալու։