Քրիստոսի խաչը երեք անգամ է հանդիսավորապես կանգնեցվել` ի տես մարդկանց: Նախ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս առաքյալն էր, ով Քրիստոսի խաչափայտը բարձրացրեց Երուսաղեմի տաճարում: Պատրոնիկե կայսրուհին Տիրոջ խաչափայտը հանեց Քրիստոսի գերեզմանից, որտեղ և պահել էին հրեաները, իսկ Հակոբոս առաքյալն այն բարձրացրեց տաճարում:
Երկրորդ անգամ խաչը բարձրացվեց Կոստանդիանոս Մեծ կայսեր մոր՝ Հեղինեի և Կյուրեղ եպիսկոպոսի կողմից Գողգոթայի վրա 326 թվականին, երբ աղբակույտից հանեցին խաչափայտը: Եվ երրորդ առիթը եղավ խաչի վերադարձը պարսկական գերությունից, որից հետո էլ վերջնականապես հաստատվեց «Խաչվերաց» տոնը:
Քրիստոսի խաչելության փաստը ժամանակակիցների համար կարծես այդքան էլ կարևոր իրադարձություն չէր: Պիղատոսի համար մեկ մարդ ավել կամ պակաս՝ նշանակություն չուներ: Նա այդպես էլ չանդրադարձավ իր որոշմանը խորապես, ինչպես նաև չանդրադարձանփարիսեցիները, քահանաները, դպիրները, մարդիկ, ովքեր ականատեսը եղան Քրիստոսի խաչելության:
Խաչի խորհուրդը ոմանց համար Աստծո սիրո, ողորմության, փրկության դրսևորումն է: Ոմանք էլ անտարբեր էին, կամ՝ պարզապես հետաքրքրորեն հարցնում էին՝ ինչո՞ւ ուրիշներին փրկեց, Իրեն չկարողացավ փրկել: Որքան էլ այս հարցը հնչում է որպես մեղադրանք, մյուս կողմից այն արտացոլում է Քրիստոսի մարդեղության խորհուրդը: Տերը հենց դրա համար էր եկել աշխարհ՝ «ուրիշին» փրկելու և այդ «ուրիշին» Իր բարեկամը դարձնելու՝ չնայած մենք դեռ շարունակում ենք Քրստոսի համար մնալ «ուրիշ»:
Քրիստոսի խաչը սիրո հաղթանակն է, իսկ սերը հաշտեցնում է մեզ Աստծո հետ: Այդ սիրով մենք դադարում ենք Աստծո համար «ուրիշ» լինելուց: Հստակ է, որ խաչելության պատմության մեջ ոչ միայն ընդգծվում են Քրիստոսի սոսկալի չարչարանքները, այլ՝ այդ «ուրիշ» մարդկանց անտարբեր ու չար վերաբերմունքը Տիրոջ նկատմամաբ:
Աշակերտները կա՛մ դավաճանեցին, կա՛մ լքեցին Նրան, Հերովդեսը ծաղրեց, Պիղատոսը ձեռքերը լվաց և վախից դրդված՝ Հիսուսին խաչելու հրաման տվեց: Քահանաները նախանձից Նրան մատնեցին մահվան: Բայց այս ամենից անկախ՝ Քրիստոս մեզ համար երբեք ուրիշ չդարձավ, չդադարեց սիրել, ապրել, տառապել և մեռնել մեր փրկության համար. խաչվեց յուրաքանչյուրիս համար անհատապես՝ մեր միջից վերացնելով «ուրիշին»։ Քրիստոս նաև սովորեցրեց, որ սերը, հավատարմությունը փորձվում են ոչ թե խոսքերով և նույնիսկ ոչ թե կյանքով, այլ կյանքը տալով: Սա յուրաքանչյուրիս տրված տերունապարգև օրինակ է՝ կյանքը տալ ամեն վայրկայն, որպեսզի ոչ մեկ այն չխլի:
Այսօրվա խորհուրդը բացահայտում է խաչի զորությունը և վկայում, որ խաչը բեռ չէ, այլ առաքելություն: Առաքելություն, որ մեր հայացքն ու քայլերն ուղղում է դեպի Գողգոթա, որտեղ մարդկային խտացված չարությանն ու դաժանությանը հակառակ՝ կանգանած է Խաչը, որից լույս ու սեր է ճառագում: Այդ լույսն ու սերն առավել իմաստավորվում են, եթե խաչը կրում ենք ոչ միայն մեր պարանոցին, այլ նաև սրտում ու հոգում:
Ս. Խաչի լույսը թող ամենքիս ցույց տա դեպի Գողգոթա տանող ճանապարհը, իսկ մենք այդ ճանապարհին հաստատուն պահենք սերը, հավատքը վստահությունն առ Աստված. ամեն:
Տեր Եսայի քահանա Արթենյան