Ս. թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնն է
Հայ ժողովրդի կյանքում մշակույթը, արվեստը և գրականությունը շատ մեծ տեղ են զբաղեցնում: Գիր ու գրականության շնորհիվ է, որ հայ ազգը դարեր շարունակ կարողացել է պահել և պահպանել իր ինքնությունը:
Այսօր էլ մենք կարողանում ենք աշխարհին ներկայանալ մեր ստեղծած մշակույթով ու գրականությամբ: Սակայն ընդամենը օրեր առաջ աշխարհը ականատես եղավ թշնամու կողմից Շուշիի վանքի՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի կործանման փորձերին: Ցավոք, դարեր շարունակ մենք չկարողացանք թշնամուն հասկացնել, որ դա մեր հոգևոր-մշակութային ժառանգությունն է ու մի ամբողջ ազգի խոսուն պատմությունը:
Շատ շուտով՝ պատերազմի ավարտից հետո, հայ ազգը միահամուռ կերպով ոտքի է կանգնելու և վերակառուցելու այն տաճարը, որն այսօր վնասվել է անաստված թշնամու վայրագություններից, ու աշխարհը դարձյալ հնարավորություն է ունենալու վայելելու Ամենափրկիչ եկեղեցու զորությունը:
Հայ ժողովրդի այս հերոսական ու մշակութապահպան ոգին դարերի պատմություն ունի: Դեռևս Ս. թարգմանիչ վարդապետներ` Մեսրոպը, Եղիշեն, Մովսես Քերթողը, Դավիթ Անհաղթ փիլիսոփան, Գրիգոր Նարեկացին և Ներսես Կլայեցին, որոնց հիշատակության տոնը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է այսօր, իրենց գործը ծառայեցնում էին այս նպատակին, քանի որ քաջ գիտակցում էին, որ մշակույթը ծաղկեցնելով ծաղկում է նաև ազգը, հիմնավորվում՝ ինքնությունը:
Թշնամին նույնպես գիտակցում է մեր հզորության գաղտնիքը և փորձում է իր անմարդկային, վայրագ քայլերով կործանել այս ժողովրդի դարավոր հավատն առ Աստված:
Նման փորձեր էլի են լինելու, բայց մեր ոգին կոտրել անհնար է: Հայ ժողովուրդն առաջին անգամ չէ, որ ականատես է լինում նման երևույթների, և շատ լավ գիտակցում է թշնամու նպատակը: Սակայն անցյալից դասեր քաղելով՝ սուրբ թարգմանիչների հիշատակության օրն ինքներս մեզ խոստանաք, որ այս անգամ ևս թույլ չենք տա, կործանել մեր մասին հավերժ վկայող կոթողները: