Հավատի լույսը վառ պահողները

Հավատի լույսը վառ պահողները

Այսօր բոլոր սրբերի՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնն է:

 

 

Հայ Եկեղեցու սրբեր են համարվում հավատքի համար նահատակվածները, անձինք, որոնց կենդանության օրոք կամ մահվանից հետո տեղի են ունեցել հրաշագործություններ: 


 

Պատմության ընթացքում, Հայ Եկեղեցու սրբադասման կամ սրբերի կանոնականացման հատուկ գործընթաց չի պահպանվել: Միաժամանակ, ըստ ուսումնասիրությունների, սուրբ են նկատվել իրենց կենդանության կամ մահվանից հետո ժողովրդի կողմից լայն ճանաչում ձեռք բերած, ժողովրդական բարեպաշտության և հարգանքի միջոցով ճանաչված անձինք, որոնց նշխարները մեծարվել են, գերեզմանները դարձել ուխտատեղիներ, իսկ մահվան կամ նահատակության օրը նշվել է որպես ուրախության տարեդարձ։


 

Սրբերը Եկեղեցու փառքն են, որովհետև կարողացել են միավորվել Աստծո հետ և Աստծուց շնորհներ են գտել՝ միաժամանակ մխիթարություն լինելով մեզ համար: Մենք խնդրում ենք սրբերի բարեխոսությունը, նրանք էլ իրենց տրված շնորհով խնդրում են Աստծուց: Եվ Աստված շնորհ է անում. իզուր չի ասված՝ Աստծո ներկայության գիտակցումը հավատքը ավելի է զորանում, ապրելու ցանկությունը մեծանում է, որովհետև մարդ արարածը հասկանում է, որ ինքը միայնակ չէ, Տիրոջ զորությունը միշտ իր հետ է: Սրբերը իրենց անվերապահ ծառայությամբ և հավատով՝ օրինակ են դարձել մեզ՝ հավատացյալներիս համար: Նրանց որպես օրինակ ունենալով՝  քրիստոնյաներս սովորել ենք ամեն հարցում ապավինել Աստծուն, վառ պահել հավատի լույսը մեր մեջ՝ նույնիսկ հուսահատության ու դժվարության պահերին:


 

Սրբերը մեզ՝ հավատացյալներիս համար մխիթարություն են: Մենք ենք, որ սրբերի կարիքն ունենք, և ոչ թե Աստված: Մեզ համար է, որ սրբերը հրաշքներ են գործում: Եվ լինեն սրբերը նոր, հին, հայտնի կամ անհայտ, միևնույնն է, մշտապես զգալու և վայելելու ենք նրանց բարեխոսությունը:

 
  • 2021-08-20
×