«Եվ ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի»

«Եվ ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի»

Սուրբ Որոտման Որդիների` Սուրբ Հակոբոս առաքյալի և Սուրբ Հովհաննես ավետարանչի հիշատակության օրն է


 

Սուրբ Հակոբոս առաքյալն ու Սուրբ Հովհաննես ավետարանիչը եղբայրներ էին։ Նրանց հախուռն բնավորությունն էր պատճառը, որ Քրիստոս նրանց տվեց «Բաներեգես» անվանումը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. 3:17)։ 


 

 Մի անգամ Որոտման որդիները խնդրեցին Քրիստոսից, որ նրանցից մեկը Փրկչի աջ, մյուսը՝ ձախ կողմում նստի՝ Նրա փառքի մեջ։ Քրիստոս նրանց պատասխանեց․ «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմեք, և այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է» (Մարկ․ 10։39-40)։


 

Առաքյալները, լսելով եղբայրների այս խնդրանքը, բարկացան, իսկ Քրիստոս պատասխանեց նրանց․ «Գիտեք, որ հեթանոսների մեջ իշխանավորներ համարվածները տիրում են նրանց, և նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրա․ ձեր մեջ այդպես չպետք է լինի։ Այլ ձեզնից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը։ Եվ ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի, որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և տալու իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն» (Մարկ․ 10։42-45)


 

Հենց այս է քրիստոնեության հիմնական պատգամներից մեկը՝ լինել ծառա, լինել հնազանդ, ծառայեցնել անձը այլոց բարօրությանը, ինչպես և Փրկիչը ցույց տվեց իր օրինակով։ Ի՞նչ է պետք այսօր մարդկությանը, եթե ոչ հենց այս առաքինությունը: Աշխարհում, որտեղ ամեն քայլափոխի խրախուսվում է իշանատենչությունն ու արծաթսիրությունը, պետք է գիտակցել, որ բարիք գործելու համար կարևոր է ծառայությունը, կարեկցանքը, հոգատարությունը:  Եվ ինչպես Քրիստոսի ամեն խոսք, այս մեկը ևս արդիական է աշխարհում, որտեղ գովելի է ոչ թե ծառայելը, այլ ծառայություն ընդունելը։


 

Որոտման որդիների հիշատակության այս օրը ինքներս մեզ հարցնենք՝ ովքե՞ր են իրականում աշխարհի շարժիչ ուժը։ Անշուշտ, արարող մարդիկ, ովքեր ոչ թե սպասում են, թե ով իրենց հանդեպ ինչ կգործի, այլ օգնում են այլոց, գործում են բարիք՝ այդպիսով ծառայելով Աստծուն։ Այսօր հարցնենք մեզ՝ այս երկուսից ո՞ր ճանապարհն էինք ընտրել մենք, և ո՞ր ճանապարհն ենք ընտրում հիմա։

  • 2021-08-20
×