«Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21):
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անցյալ կիրակի մեծ շուքով տոնեց Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծնունդը, որով սկիզբ դրվեցին տարվա հոգևոր տոներին: Այսօր, Սուրբ Ծննդյան ութերորդ օրը, Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է:
Քրիստոս եկավ՝ որպես մարդկության փրկիչ ու թագավոր, ու հատկանշականն այն է, որ եթե աշխարհի թագավորները իշխում են սրով` բռնությամբ, ապա այս նոր թագավորը իշխում է սիրով ու իր մարդասիրությամբ: Նա ուզում է իշխել մարդկանց սրտերի վրա` տալով նրանց հոգևոր թլպատություն: Իր թագավորությունը այս աշխարհից չէ, այլ երկնքից, ու մարդկանց երբեմն դժվար է ընկալել ու ընդունել մի թագավորի, ով առանց զենքի ու բանակի է:
Այնուամենայնիվ, Նա մարդկության համար դարձավ սիրո թագավոր, ու Իր աստվածային թագավորությունը հաստատեց երկրի վրա և մարդկանց հոգիներում՝ Իր Սուրբ Եկեղեցու միջոցով:
Աստված ցանկանում է մարդկանց մեջ բնակվել ու ապրել նրանց հետ, նմանվել նրանց արտաքինով, որպեսզի նրանք հողեղեն աչքերով տեսնեն ու շոշափեն Իրեն, լսեն Իր սիրո և հավիտենական կյանքի երջանիկ խոսքերը, հավատան, որ իրենք Աստծո որդեգիր զավակներն են, Աստված իրենց երկնավոր հայրն է: Հիսուս աշխարհ բերեց Աստծու հայրական սիրո և մարդկանց եղբայրասիրության, խաղաղության պատգամը:
Նրա օրինակով մարդը սկսեց սիրել մերձավորին, օգնել կարիքավորին, դժվարության մեջ գտնվողին ու, առհասարակ, երկրային կյանքում հաստատվեց խաղաղություն ու հաճություն:
Այսօր բոլորիս նպատակն է պահել այն խաղաղությունը, որ Հիսուս Իր հետ բերեց, ու ոչ մի կերպ թույլ չտալ, որպեսզի մեր սրտերում և հոգիներում բույն դնեն չարիք ծնող մտքերը: