Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրն է
Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետները Ընդհանրական եկեղեցու նշանավոր գործիչներից են, ովքեր իրենց կյանքը նվիրեցին քրիստոնեությանը՝ դեմ կանգնելով զանազան հերետիկոսությունների ու կեղծ ուսմունքների:
Փրկությունը, ըստ Սուրբ Աթանասի բանաձևման, նույնն է, ինչ աստվածացումը: Այս մասին նա ասել է. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»:
Մենք՝ որպես քրիստոնյաներ, արդյոք խորհե՞լ ենք այս մտքի շուրջ: Ի՞նչ է նշանակում ասվածը, թե «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Արդյոք մենք երբևէ հասկացել ու գնահատե՞լ ենք այն զոհողությունը, որ կատարել է մեզ համար Քրիստոս՝ մարդանալով, երկնավոր Հայրը՝ Որդուն ուղարկելով:
Աստված մարդացավ՝ մարդուն կրկին մեղքերից մաքրվելու հնարավորություն տալու համար: Մեղքերի մեջ գտնվող մարդու համար Հայրը զոհաբերեց Որդուն. ի՞նչ ուներ նրանից ավելի թանկ: «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23։34),- խնդրեց Փրկիչը Հորը:Նա, ով մատնվել էր տարատեսակ տանջանքների և ապա խաչվել, անգամ այդ պահին չէր կորցրել մարդկության մասին մտածելու կարողությունը: Փրկիչն իր անձը մոռացավ, Նա ապրեց ամենքի ցավով, ապրեց՝ օգնելով ամենքին բարձրանալ, հայացքն ուղղել դեպի աստվածայինը: Մարդկությանը թե՛ իր երկրային կյանքի օրերին և թե՛ դրանից հետո, Քրիստոս մշտապես բարձրացրել է՝ իր պատգամներով, օրինակով ու սիրով:
Աստված մարդացավ, որպեսզի մարդկանց ցույց տա դեպի աստվածայինը տանող ճանապարհը: Նա խոնարհվեց, որպեսզի մարդուն բարձրացնի, եղավ ամենքի ծառան՝ մյուսներին էլ պատգամելով. «Այլ ձեզնից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը։ Եվ ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի, որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և տալու իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն» (Մարկ․ 10։ 43-45):
Փորձենք գնահատել Քրիստոսի զոհաբերությունը՝ հանուն մեր փրկության, և փորձենք արժանի լինել Փրկչի անմնացորդ սիրուն՝ մեր կյանքով, բարին գործելով և Նրա հավատարիմ հետևորդները լինելով: