Ճշմարիտ ապաշխարության մասին

Ճշմարիտ ապաշխարության մասին

Հովնան Մարգարեի հիշատակության օրն է


 

Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից Հովնան Մարգարեի հիշատակության օրը Հայ Առաքելական եկեղեցում մշտապես նշվում է առաջավորաց պահքի շրջանում՝ որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը: Այսպես է, քանի որ ամբողջ Նինվե քաղաքը, ունկնդիր լինելով Հովնանի մարգարեությանը, ապաշխարեց, պահք պահեց՝ այդպիսով փրկելով քաղաքը վերահաս կործանումից:


 

Ապաշխարությունը կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Այն մի շրջան է, որը չունի ավարտ: Այսինքն՝ ապաշխարության մասին չի կարեի խոսել անցյալով, գոյությունի չունի հասկացությունը, թե «այդ մեղքի համար ես արդեն ապաշխարել եմ»: Մարդն ապաշխարում է անընդհատ, և ամեն անգամ առաջանում է անհրաժեշտությունն ապաշխարության: Անգամ ապաշխարում ենք մեր չգիտակցված մեղքերի համար:


 

Միաժամանակ, որքան էլ որ ապաշխարության շրջանով անցնում ենք՝ տարբեր մեղքեր գործած լինելով, միևնույն է, այդ շրջանը մնում է անփոփոխ: Ճանապարհը նույնն է, փոփոխվում է միայն պատճառը՝ մեղքի տեսակը:


 

Պահքը և ապաշխարությունը լրացնում են միմյանց: Հնարավոր չէ պահք պահել՝ առանց ապաշխարության, և ապաշխարությունն էլ առանց պահքի ամբողջական չէ: Այսպիսով՝ մշտապես այդ երկուսը դրվում են իրար կողքի, և պատահական չէ, որ մարգարեի հիշատակության օրը նշվում է առաջավորաց պահքի շրջանում:


 

Հին Կտակարանում տեղ գտած Հովնանի գրքում առանձնացված է Հովնանի աղոթքը, որով նա դիմում է Տիրոջը՝ փրկության համար:

 

 

«Իմ նեղության մեջ ես աղոթեցի իմ Տեր Աստծուն,

և նա լսեց իմ աղաչանքը դժոխքի խորքից:

Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը:

Ինձ գցեցիր ծովի խորքերը,

և ջրի հոսանքները պաշարեցին ինձ:

Քո կոհակներն ու ալիքները թափվեցին ինձ վրա,

և ես մտածեցի, թե մերժվել եմ քո ներկայությունից.

արդյոք նորից պիտի տեսնե՞մ քո սուրբ տաճարը:

Ջրերը թափվեցին ինձ վրա շունչս կտրելու աստիճան:

Խորունկ անդունդներ պաշարեցին ինձ:

Գլուխս մտավ լեռների փապարների մեջ,

իջա մի երկիր, որի նիգերը փակ են հավիտյան:

Ես կփրկվեմ ապականությունից:

Երբ հոգիս տկարացավ,

քե՛զ դիմեցի, Տե՛ր իմ Աստված.

մտաբերեցի Տիրոջը,

և թող իմ աղոթքները հասնեն քո սուրբ տաճարը:

Նրանք, որ ունայն ու սուտ աստվածներ էին պաշտում,

թողեցին իրենց երկյուղածությունը:

Իսկ ես օրհնության և խոստովանանքի ձայնով

քեզ պիտի մատուցեմ այն զոհը, որ ուխտեցի,

և կարժանանամ Տիրոջ փրկության» (Հովնան 2:3-10):

  • 2021-08-20
×