Ինչպես գիտենք, Սուրբ Սարգսի կերպարը քրիստոնյաներիս հայտնի է որպես սիրո արագահաս բարեխոս և զորավար:
Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է՝ հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով Ս. Սարգսի արիությունը, կարգել է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։ Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին և տարածում քրիստոնեությունը:
Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Ս.Սարգսի տոնի ուրբաթ գիշերը, նորահաս երիտասարդները, հատկապես աղջիկները աղի բլիթ են ճաշակում հավատալով, որ երազում իրենց կյանքի ապագա ընկերը ջուր կբերի, որով և կկանխանշվի երիտասարդի ամուսնական զուգընկերները։
Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։
Ու հետաքրքիրն այն է, որ չնայած դարեր են անցել, բայց այս գեցեցիկ ավանդույթը ոչ միայն չի կորցրել իր ուժը, այլև կարողացել է ավելի շատ երիտասարդների ոգեշնչել և համախմբել տոնի շուրջ:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Հիշեցնենք, որ այս օրը շատ հավատացյալներ այցելում են Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող Պատարագին և ստանալու նրա բարեխոսությունը: