«Երանի է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն և երբ որ ձեզ մերժեն և նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։ Ուրախացեք այդ օրը եւ ցնծացեք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում» (Ղուկաս 6: 24-25):
Սուրբ Վարդանանց տոնն առիթ է հոգևոր ուրախության և մխիթարության, մանավանդ այսօր, երբ դեռ կքված ենք Արցախյան պատերազմում պարտության, հազարավոր հայորդիների ու Հայրենիքի կորստյան ծանր բեռան տակ: Զոհված զինվորների վարձքը, այո՛, մեծ է Երկնքում: Բայց կարևոր է հասկանալ, թե մեր̀ ապրողներիս վարձքն ի՞նչ է լինելու: Այս հարցը ոչ թե պետք է ուղղենք Աստծուն, այլ ինքներս մեզ̀ արժևորելով այն սխրանքը, որ գործեցին մեր հերոսները:
Մենք դարեր շարունակ սերունդ ենք կրթել Վարդանանց ոգով ու օրինակով: Այսօր էլ մեր նահատակ զինվորականները համալրեցին նրանց շարքերը՝ լինելով կենդանի վկաները ավետարանական ճշմարտության. հանձն առան պայքարը՝ հանուն հայրենիքի ու հավատքի:
Պարզ է, որ ոչ ոք չի ցանկանում ունենալ դժվարություններ ու հալածանքներ: Սակայն այդպիսին է մեր կյանքը, որի հեղինակները մենք ենք̀ մեր չարությամբ ու անտարբերությամբ: Ուստի՝ օրվա ավետարանական հատվածը մեզ ընտրության առաջ է կանգնեցնում, ընտրել լա՞յն ճանապարհը, որը աշխարհիկ վայելքների ու եսասիրութան միջով է անցնում, թե՞ նեղ ճանապարհը, որը հոգևոր պայքար է և հաղթանակ:
Հիսուս իր հավատարիմ աշակերտներին խոստացավ, որ կլինեն քաջ, երջանիկ, բայց միշտ հալածված: Քաջ ու երջանիկ լինելը յուրաքնչյուրիս ընտրությունն է, իսկ հալածանքները հաղթահարելը և հավատքն ամուր պահելը մեր քաջության ու երջանկության բովանդակությունն են: Տերն Իր իսկ օրինակով ամենքիս հրավիրեց՝ քայլելու նեղ ճանապարհով: Քրիստոսի օրինակին հետևեցին Վարդանանք և մերօրյա նահատակ հերոսները: Ու այդ նեղ̀ Հայրենիքը, հավատքը, սրբությունները պաշտպանելու ճանապարհին նրանք հանդիպեցին Քրիստոսին ու մասնակից եղան Տիրոջ հաղթանակին: Նրանք նահատակվեցին, որ մենք հաղթենք: Բայց արդյո՞ք մենք արժանի էինք: Այս հարցի պատասխանը միայն հնարավոր է գտնել, եթե պատասխանենք մեկ այլ հարցի՝ ես հայրենիք ունե՞մ, հավատք ունե՞մ, սրբություն ունե՞մ, եթե այո, ուզո՞ւմ եմ հաղթել:
Սուրբ Վարդանանք, անկախ, դիրքից ու կոչումից, իրենց կյանքը, կարողությունն ու ուժը նվիրեցին Աստծուն և հայրենիքին՝ հավատարիմ մնալով Աստծո և հայրենիքի հետ կապած իրենց սրբազան ուխտին: Վարդանանց սրբերը վկայությունն են այն ճշմարտության, որ մեր հայրենիքի համար ամենածանր ժամանակաշրջանում գտնվեցին մարդիկ, ովքեր քաջություն ունեցան հայրենիքը սիրելու իրենց կյանքի գնով և հետևելու Քրիստոսին մինչև վերջ:
Այսօրվա մեր իրականությունը մխիթարական չէ. մենք ավելի շատ հարմարվում ենք, քան պայքարում: Ոչինչ չանելով չենք կարող պարզապես ապավինել Սրբոց Վարդանանց բարեխոսությանը կամ Քրիստոսի պաշտպանությանը: 451 թվականին Հայոց աշխարհը քաջությամբ ու նահատակությամբ պատախասանեց աստվածային սիրուն: Մենք գիտենք, որ այսօր էլ ապրում ենք փորձություններով ու վախերով լեցուն մի աշխարահում. պատերազմի մասին խոսում ենք սարսափով, բողոքում և ընդիմանում ենք, բայց շարունակում ենք հանդուրժել անարդարություններն ու չարիքը: Քրիստոնյան չի կարող պարտվել: Ու ամենակարևոր հարցը, որին պիտի պատասխանենք ամենքս, այս է̀ որտե՞ղ է մեր հաղթանակը:
Այն Ավարայրի դաշտում է, Եռաբլուրում, Արցախում, առաջնագծում, հայրենիքը և եկեղեցին սիրող սրտերում: Միայն հաղթանակն է պայմանը՝ արժանի լինելու մեր զինվորների նահատակությանը և Վարդանանց սրբերի բարեխոսությանը: Ընտրությունը մերն է՝ ընտրել լա՞յն, թե՞ նեղ ճանապարհը. մենք մեր տան մեջ պիտի ապրենք տիրո՞ջ իրավունքով, որտեղ կա պայքար, դժվարություն, պատասխանատվություն ու մեծ սեր, թե՞ վարձով կապրենք՝ անտարբեր, «անվտանգ», առանց սիրո ու արժեքների:
Թող Տիրոջ իմաստությամբ, զորությամբ և Սուրբ Վարդանանց քաջերի բարեխոսությամբ ճիշտ ընտրություն կատարենք̀ հանուն Հայրենիքի ու Եկեղեցու պայծառության և շենացման. ամեն:
Եսայի քհն. Արթենյան