Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի՝ փետրվարի 14-ին նշում է Տեառնընդառաջի տոնը՝ 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Տեառնընդառաջն այլ կերպ անվանվում է նաև Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ:
Տեառնընդառաջի քրիստոնեական խորհուրդը: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Սուրբ Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է նաև Ղուկաս Ավետարանիչը. «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24):
Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:
Տեառնընդառաջի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Իսկ երբ բոցը ցածրանում էր, մարդիկ սկսում էին կրակի վրայով թռչել:
Տեառնընդառաջը նշանվածների՞, թե՞ նորապսակների տոնն է։ Այս հարցը մշտապես հետաքրքրում է տոնը նշողներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Տեառնընդառաջի հետ կապված ժողովրդական սովորությունները:
Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տյառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Ուստի՝ Տեառնընդառաջի ժողովրդական այս ավանդույթները վերաբերում են նորապսակներին:
Ե՞րբ տոնել: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, երբ ըստ եկեղեցական կարգի, փոխվում է օրը, կատարվում է նախատոնակ՝ ավետելով Տերունի տոնի սկիզբը: Ապա կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ուստի՝ Տեառնընդառաջի խարույկը վառվում է փետրվարի 14-ին, որը աշխարհիկ օրացույցով փետրվարի 13-ի երեկոյի հետ է համընկնում: Արդեն փետրվարի 14-ի առավոտյան եկեղեցիներում մատուցվում է տոնական Սուրբ Պատարագը: