Ինչո՞ւ ենք զոհ գնում չաստվածների

Ինչո՞ւ ենք զոհ գնում չաստվածների

Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է


 

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը, ով համարվում է համաքրիստոնեական սուրբ:  Զորավարը Դիոկղետիանոս կայսեր օրոք, ապացուցելու համար կուռքերի հնարովի և կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը, ինչի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո նահատակվել` այրվելով կրակի վրա: Նրան կրակի վրա այրելու այս որոշումը կայացվեց դատավորի կողմից, քանի որ նա էլ մեհյանն էր հրի մատնել:


 

Մեզ համար՝ որպես քրիստոնյաների ուսանելի է սրբի օրինակն ու կեցվածքը՝ սեփական հավատի հաստատման ճանապարհին: Սուրբ Թեոդորոս զորավարը սովորական մի անձ չէր, նա պատրաստ էր ամեն զոհաբերության՝ հանուն իր ճանաչած և ընդունած միակ Տիրոջ: 


 

Այսօր կարիք չունենք ֆիզիկապես այրելու չաստվածների մեհյանները, որպեսզի ապացուցվի մեր հավատի իսկությունը, որպեսզի համարվենք ճշմարիտ քրիստոնյաներ: Սակայն միաժամանակ զանազան սուտ չաստվածների ծուղակներում ենք հայտնվում ամեն օր, երբ մեզ թույլ ենք տալիս հեռանալ մեր իրական Աստծուց: Այդ չաստվածների սուտ հետևորդները կարծես պատրաստ սպասում են հարմար պահի, երբ մենք այլևս երես կթեքենք Տիրոջից, որպեսզի արագ իրենց որոգայթը լարեն մեր դեմ: Ինչո՞ւ ենք զոհ գնում չաստվածների:


 

Որպես այս հարցի պատասխան՝ մեր կամքի ուժը թող խոսի մեր փոխարեն: Որքանո՞վ ենք մենք ուժեղ՝ այլ ուժերի մեզ մոտ չթողնելու, այլոց ազդեցության տակ չընկնելու համար: Որքա՞ն է մեր սիրտը բաց Քրիստոսի առաջ և արդյո՞ք նույնչափ այն փակ է  չաստվածների համար: Մտածենք այս հարցերի շուրջ, և յուրաքանչյուրս մեր սրտում ու մտքում պատասխանները գտնելով՝ հրի մատնենք մեհյանները, որ գուցե կառուցված են մեր մտքերում ու սրտերում: Թող մեր հոգին բաց լինի միայն Քրիստոսի ճշմարիտ հավատքի համար, իսկ չաստվածները թող այն գտնեն կողպված ու փակ: Չէ՞ որ Աստված էլ մեզ պատվիրում է. «Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար: Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես» (Ելք 20:3-4):

  • 2021-02-20
×