Ազգային քրիստոնեության ջահակիրները

Ազգային քրիստոնեության ջահակիրները

Մեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Ս. Հովհան Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների և Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի հիշատակության օրը:


Սուրբ Հովհան Օձնեցին Հայոց եկեղեցու այն բացառիկ կաթողիկոսներից ու մտածողներից է, որի եկեղեցական-քաղաքական գործունեության արդյունքներն ու հոգևոր ժառանգությունը նշանակալից հետք են թողել թե՛ Հայոց եկեղեցու աստվածաբանության և թե՛ քրիստոնեական ինքնության ամբողջացման վրա:


Ինքնության կառուցման այդ գործընթացում նշանակալից էր Օձնեցու կազմած ու խմբագրած «Կանոնագիրք հայոց»-ը, որը կոչված էր ի մի բերելու հոգևոր-եկեղեցական, ծիսադավանական, իրավական, քաղաքացիական, տնտեսական, բարոյախրատական և գաղափարաքաղաքական բնույթի կանոններ: Ըստ մասնագետների՝ Օձնեցու կազմած «Կանոնագիրք»-ի նպատակն էր՝ պահպանել Հայ եկեղեցու ազգային դիմագիծը, պետականության բացակայության պայմաններում դիմակայել հայ ժողովրդի նկատմամբ ձուլման քաղաքականություն վարող օտար ուժերին:


Ս. Հովհան Հայրապետ. Նա հայտնի էր ընդարձակ գիտելիքներով և առաքինի վարքով, բարեհոգի և հանդուրժող բնավորությամբ, որի շնորհիվ դեռևս իր կյանքի օրոք նրան կոչում էին «սուրբ և սքանչելի հայրապետ»: Ոմանք էլ կասկածում էին, որ հարում է հերձվածողներին, քանզի սուրբ հայրապետը չէր շտապում հարաբերությունները խզել նրանց հետ, ովքեր վերջնականապես չէին շեղվել ուղղափառությունից: Նա մեծ համբերությամբ էր տանում իրեն ուղղված բոլոր զրպարտանքները՝ սիրով ու հանդարտությամբ պարզաբանելով իր դիրքորոշումը: Այնուհանդերձ, շատ ջանքեր պահանջվեցին, որպեսզի Սուրբ Հովհանին մեղադրողներն ի վերջո ընդունեն նրա դավանական համոզմունքների անաղարտությունը: Այս ամենով հանդերձ, մինչև կյանքի վերջը սուրբ հայրապետն իր հոտը պահպանեց ամեն տեսակ հերձվածողական մոլորություններից:


Սուրբ Գրիգոր Տաթևացի. Հայոց եկեղեցու ամենաերևելի և ամենահեղինակավոր սյուներից մեկն է եղել նա: Այնքան մեծ է նրա վաստակը Հայոց եկեղեցու անդաստանում թե՛ որպես աստվածաբան, թե՛ որպես եկեղեցու վարդապետությունը բյուրեղացնող, զարգացող և նախանձախնդիր պաշտպան, և թե՛ որպես քրիստոնյայի անբասիր կյանքով ապրած հոգևորական, ով դասվել է մեր եկեղեցու սուրբ վարդապետների կարգին:


Սուրբ Գրիգոր Տաթևացին, եռամեծ վարդապետ է, որ իր ողջ էությամբ՝ հոգով, մտքով և կամքով հաստատապես միախառն էր աստվածային շնորհին և իմաստությանը: Նա իր հզոր հավատքի և մտքի աչքերով ի զորու էր ներթափանցելու և հասկանալու Բարձրյալի խորին խորհուրդները և ճանաչելու աստվածաշունչ խոսքի իսկությունը: Նրա բոլոր կրոնական գրվածքները ամբողջական մի աշխարհ են՝ տեսլականով, ապրումներով և իմաստուն մտածումներով լի, որոնք վստահաբար Աստծո շնչի ներգործությամբ են ծնվել Եռամեծ Վարդապետի հոգու մեջ:


Սովորելով Տաթևի վանքում՝ աշակերտել է մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցները, վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության և այլ դասընթացներ: Նա կրթել է 300-ից ավեի աշակերտ, որոնցից շատերը դարձել են անվանի եկեղեցականներ, գիտության, մշակույթի գործիչներ:


Միջնադարի հայ նշանավոր փիլիսոփա, աստվածաբան և ուսուցչապետ Հովհան Որոտնեցին ևս ծավալել է եռանդուն գիտամանկավարժական, եկեղեցական գործունեություն և թողել է գրական հարուստ ժառանգություն: Միջնադարյան մատենագիրները, նրա մեծաթիվ աշակերտները նրան կոչել են՝ «եռամեծ», «երիցս երանելի», «երիցս երջանիկ», «անհաղթ փիլիսոփա»:


Դժվար է գերագնահատել նրա դերը Տաթևի վանքում, ինչպես նաև Հայաստանի մի քանի այլ վայրերում կրթական հաստատությունների հիմնադրման և մատենագրական ու մանկավարժական գործունեության ասպարեզում: Մեծ է նրա ավանդը հատկապես որպես Տաթևի համալսարանի հիմնադրի, ղեկավարի և ուսուցչի:


Հավատ և բանականություն` ահա այն երկու հիմնասյունները, որոնց վրա խարսխված է Հովհան Որոտնեցու աշխարհայացքը: Իր մատենագրական ու մանկավարժական անձնուրաց գործունեությամբ նա մեծապես նպաստել է հայ մշակութային աշխուժացմանը` դաստիարակելով իր ժամանակի համար առաջադեմ ու բանիմաց բազմաթիվ վարդապետներ, որոնց մեջ առանձնանում է Գրիգոր Տաթևացու կերպարը:


Հայ եկեղեցին Հովհան Որոտնեցուն դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը տոնում է Մեծ Պահքի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` Ս. Հովհան Օձնեցու, Ս. Գրիգոր Տաթևացու, ինչպես նաև 4-րդ դարի Երուսաղեմի սուրբ Հովհան Հայրապետի հետ:

  • 2021-02-20
×