«Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան» (Հովհաննես 11:36)

«Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան» (Հովհաննես 11:36)

Ղազարոսի հարության հիշատակի օրն է

 

 

Այսօր՝ Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցում նշվում է Ղազարոսի հարության հիշատակի օրը: Վերջինս Մարիամի և Մարթայի եղբայրն էր, ով մահացավ հիվանդության պատճառով: 


 

Քրիստոսին լուր ուղարկեցին, որ Ղազարոսը ծանր հիվանդ է: Եվ երբ Տերը հասավ Բեթանիա, Ղազարոսն արդեն չորս օր է՝ մահացած էր և հուղարկավորված: Ղազարոսի քույրը՝ Մարամը, տեսնելով Քրիստոսին, ընկավ Նրա ոտքերն՝ ասելով.  «Տե՛ր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի» (Հովհաննես 11:32): Լսելով այս  տեսնելով  դրությունը՝ Քրիստոս արտասվեց: Հենց այսպես էլ կոչվում է Ղազարոսին հարություն տալու դրվագը՝  «Եվ Հիսուս արտասվեց...»: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան» (Հովհաննես 11:36):


 

Քրիստոս պատվիրեց բացել գերեզմանը, և երբ Մարթան՝ Ղազարոսի քույրը առարկեց, Տերն ասաց. «Քեզ չասացի՞. եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը» (Հովհաննես 11:40): 

 

Գերեզմանը բացեցին ու Տերը հրամայեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի» (Հովհաննես 11:43): Եվ տեղի ունեցավ անհնարին թվացողը՝ հանգուցյալը հարություն առավ և դուրս եկավ իր գերեզմանից: Այս հրաշքի մասին շատ խոսվեց: Մինչ այդ ոմանք հարցնում էին. «Սա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաև այնպես անել, որ սա չմեռներ» (Հովհաննես 11:37): Իսկ այժմ նրանք հավատացին Քրիստոսին:


 

Ավետարանում նշված է, որ Տիրոջ թշնամիները ոչ միայն ուզում էին Նրան սպանել, այլև Ղազարոսին, ով Քրիստոսի կենդանի վկայությունն էր իր գոյությամբ, որովհետև նրա մահն ու հարությունը Քրիստոսի փառքի կենդանի հռչակումն էր: Նրանք, ովքեր տեսնում էին Ղազարոսին և տեղեկանում էին Տիրոջ գործած հրաշքի մասին, ցանկանում էին իրենց խոնարհումը բերել Տիրոջ առաջ:


 

Քրիստոսի արտասվելը, որ երևաց այս դրվագում, բոլորի հանդեպ Նրա անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը նաև խորհրդանշում է ննջեցյալների համընդհանուր հարությունը: Քրիստոս Ղազարոսին հարություն տվեց՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Հետագայում Ղազարոսը շնորհակալ եղավ կատարվածի համար. տասնհինգ տարի իր կյանքը ապրելով Տիրոջ մահվանից հետո՝ դարձավ եպիսկոպոս և իր ողջ կյանքը սրբորեն ծառայեց Քրիստոսին:

 
  • 2021-02-20
×