Ծաղկազարդ

Ծաղկազարդ

«Օրհնեալ է թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով, խաղաղություն երկնքում և փառք Բարձրյալին» (Մատթեոս 21.1-10)

 

 

Այսպիսի հանդիսավորությամբ հրեաներն ընդունեցին Մեսիային: Ուրախության ու ցնծության առիթ իրականում կար, քանի որ Հիսուս այն Թագավորն էր, Ում մասին գրված է Զաքարիայի մարգարեության գրքում. «Ուրախացիր խնդությամբ դուստրդ Սիոնի, կանչիր ցնծությամբ դուստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ խոնարհ թագավորը` հեծած էշի քուռակի վրա»:

 

 

Քրիստոս արդարություն բերեց յուրաքանչյուրիս: Մեր պատկերացրած արդարությունը մեջտեղից հավասարության գիծ քաշելն է̀ հանուն մեզ ու դիմացինի: Քրիստոսի արդարությունն ամբողջությամբ տալն է՝ հանուն դիմացինի: Տերն Իր օրինակով սովորեցրեց նաև խոնարհություն̀ ծառայելու կարիքավորին ու անտարբեր չլինելու: Քրիստոս հաստատեց սիրո թագավորությունը̀ ցույց տալով զոհաբերության ճանապարհը: Ահա այս փրկագործ Թագավորին ենք այսօր դիմավորում, Ով գալիս է՝ ազատելու մեզ մեղքի կապանքներից. սա է մեր հոգևոր ցնծության և ուրախության պատճառը:

 

 

Բայց օրվա հոգևոր ուրախությունը դեռ պետք է պահպանենք̀ այն իմաստավորելով: Քանի որ ունենք հրեաների օրինակը, ինչը հեռու չէ մեզանից. նրանք Քրիստոսին դիմավորցին մեծ ցնծությամբ, բայց օրեր անց պահանջեցին խաչել: Ինչո՞ւ: Քանի որ իրենք Քրիստոսից այլ բան էին ակնկալում̀  աշխարհիկ իշխանության հաստատում: Սակայն Քրիստոս եկավ Երկնքի արքայությունը հաստատելու մեր սրտերում: Հայտնի պատկեր է, երբ Աստված մեզ չի տալիս այն, ինչ ակնկալում ենք, մենակ ենք թողնում Նրան, ինչպես վարվեցին հրեաները, քահանաները, առաքյալները, գրեթե բոլորը…

 

 

Այսօր ցնծում ենք, բայց վաղվանից̀ չարաչարանքերի շաբաթվա ընթացքում, մենք էլ կվերապրենք Աստծուց հեռացած լինելու ողբերգությունը: Այսօր հանդիպում ենք Աստծո սիրուն, արդարությանը և խոնարհությանը, ու կարևոր է՝ ինչպես կվարվենք վաղը, կասենք դա մեր համար չէ՞ր, թե՞ կփորձենք հետևել Քրիստոսի օրինակին: Չէ՞ որ մեր խնդիրը միայն Քրիստոսին դիմավորելը չէ, այլ նաև Նրան հետևելը: Հետաքրքիր է, ի՞նչ կանենք մենք: Հիշո՞ւմ եք, երբ Քրիստոս մտավ Երուսաղեմ, մարդիկ օրհնաբանությամբ դիմավորեցին Տիրոջը, փարիսեցիները ասացին, թե սաստի՛ր ժողովրդին, թող լռե՛ն: Քրիստոս պատասխանեց, որ եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն: Մարդիկ հետո լռեցին… Ու խաչը հանեցին Տիրոջը: Քրիստոսի հիշատակած քարերը, որ պիտի աղաղակեն, այսօր մենք ենք: Մենք ի՞նչ կանենք: Կլռե՞նք, թե՞ կշարունակենք փառաբանել Տիրոջը:

 

 

Այն հոգևոր ուրախությունը, որ ապրում ենք այսօր, կարծում եմ՝ բոլորիս ծանոթ է: Օրինակ̀ երբ առաջին անգամ հանդիպեցինք  Տիրոջը և ուրախությամբ ընդունեցինք Նրան, ոգևորվեցինք, մխիթարվեցինք, բայց կյանքի փորձություններն ու գայթակղությունները մեզանից խլեցին այդ ուրախությունը:

 

 

Այսօր Քրիստոս նորից գալիս է դեպի մեզ, ինչպես մտավ Երուսաղեմ, և թակում մեր սրտի դուռը: Ու ինչպես Երուսաղեմում, այնպես էլ մեր սրտում, հանդիպում է նույն ձևապաշտությանը, խստասրտությանն ու անտարբերությանը: Ինչպես Երուսաղեմի բնակիչները, մենք էլ կանգնած ենք ընտրության առաջ. խաչել Մեսիային և չորանալ ինչպես թզենին, կամ ընդունել, վստահել ու հետևել Քրիստոսին:

 

 

Աստծուն հանդիպելիս՝ մենք միշտ կանգնում ենք ընտրության  առաջ̀ վստահե՞լ, թե՞ խուսափել: Երբ որոշում ենք խուսափել ու ոչինչ չանել, պատճառաբանում ենք, թե տկար ենք, անկարող եք: Աստված, ի պատասխան մեր «արդարացումների», ասում է. «Ես քեզ հետ եմ, մի՛ վախեցիր»: Մեզ համար Աստծո այս խոսքը իրական կլինի, եթե համարձակվենք հավատալ և Տիրոջը հետևելու որոշում կայացնենք: Այս դեպքում մեր առաջ կբացվի հավիտենականության ճանապարհը: Հավատքը ենթադրում է համարձակություն, երբ թույլ ենք տալիս, որ Աստված մտնի մեր կյանք ու գործի մեր միջոցով:

 


Տիրոջ Հարության ավետիսը հեռու չէ: Քրիստոս մեզ համար հարություն կառնի, թե ոչ՝ կախված է մեր այսօրվա ընտրությունից: Քրիստոսի հարությունը հանելուկ չէ, որին պետք է լուծում գտնել: Հարությունը խորհուրդ է, որը լուծում չունի, բայց պահանջում է որոշում կայացնել, հավատալ, ապրել, բացահայտել: Քրիստոս հենց այս ճանապարհն է ցույց տալիս՝ ամենքիս հրավիրելով հետևելու Իրեն̀ սիրով, արդարությամբ ու խոնարհությամբ̀ դեպի Երկնքի արքայություն. ամեն: 

 

 

Եսայի քհն. Արթենյան

  • 2021-02-20
×