Հայոց Եկեղեցու դարերով ընդունված Ավանդության համաձայն՝ Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնն օրհնում է նաև աստվածամուխ Ս. Գեղարդով:
Սա նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեց ջուր և արյուն (Հովհ. 19. 34):
Ըստ Սրբազան Ավանդության՝ համաքրիստոնեական այս սրբությունը Հայոց աշխարհ է բերել Ս. Թադեոս առաքյալը:
Պատմահայր Ս. Մովսես Խորենացին պատմում է, որ Քրիստոսին ժամանակակից Աբգար թագավորն անբուժելի հիվանդ էր:
Լսելով Տիրոջ հրաշագործությունների և բժշկումների մասին՝ նա Հիսուսին խնդրում է իրեն այցելել:
Տերն Իր Հարությունից հետո արքայի մոտ է ուղարկում Ս. Թադեոսին, ով Ս. Գեղարդով և Փշե պսակով բժշկում է Աբգարին:
Վերջինս քրիստոնյա է դառնում՝ նույնը պատվիրելով նաև իր քեռորդի Սանատրուկին:
Այսօր աշխարհում կան նմանատիպ մի քանի գեղարդներ, բայց մենք աներկբա հավատում ենք, որ իսկական Ս. Գեղարդը մերն է, քանզի բազում բժշկումներ և հրաշքներ են կապված նվիրական այս սրբության հետ:
Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան