Մեր նոր, ինքնիշխան պետության անկախության հիմքերից մեկն է նաև հայ ազգի Եկեղեցու անկախությունը և ինքնիշխանությունը:
Մենք դավանում ենք Հավատամքը` մեկ ազատ ազգություն, մեկ անկախ պետություն,
մեկ անկախ ազգային Եկեղեցի:
Այս հավատամքով, այս գիտակցությամբ, Սուրբ Հոգու զորությամբ այս Սրբալույս Մյուռոնը Մենք հռչակում ենք Անկախության Մյուռոն:
Հայե՛ր, հոգևոր զավակներ Մեր, այս սրբազան Մյուռոնով միացե՛ք, եղբայրացե՛ք, եղե՛ք մեկ կամք, եղե՛ք մեկ ուրախություն, եղե՛ք մեկ ցավ:
Եղեք մե՛կ ազգ, մե՛կ ընտանիք, մե՛կ ժայռացած երդում և հավատացե՛ք մեր այս մի բուռ հայրենի հողին ու նրա գալիքին, սուրբգրական Արարատի հայացքի տակ, Սուրբ Էջմիածնի օրհնության ներքո (Վազգեն Ա,1991 թ. սեպտ. 29, Մյուռոնօրհնության քարոզից):