Սրբալույս Մյուռոնը սովորաբար լցնում են աղավնաձև անոթների մեջ: Աղավնին Ս. Հոգու խորհրդանիշն է: Հիշենք, թե ինչպե´ս Ս. Հոգին աղավնու նման իջավ Հիսուսի վրա մկրտության ժամանակ (տե´ս Մատթ. 3:16):
Այս է պատճառը, որ սրբապատկերներում և մանրանկարներում Ս. Հոգին աղավնու տեսքով է: Մեռոնաթափերը պատրաստվում են թևատարած աղավնու, կամ որևէ ճյուղի վրա, կամ էլ գնդի վրա նստած աղավնու ձևով:
Գունդը երկրագնդի խորհուրդն ունի: Աղավնաձև այս անոթները սովորաբար լինում են արծաթից և ոսկուց: Մյուռոնը լցվում է անոթի թիկունքից և թափվում նրա բերանից:
Մեռոնաթափերը լինում են նաև ոչ աղավնաձև, որը պատվանդանով կլոր մի աման է և ունի Մյուռոնի ծորալու տեղ, վրան ծածկով և խաչով: Լուսանկարում Մայր Աթոռի Գանձատանը պահպանվող նմանատիպ աղավնի է` պատրաստված 1797թ.:
Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան