Մյուռոնօրհնության օրն ու վայրը

Մյուռոնօրհնության օրն ու վայրը

Սկզբնական շրջանում մյուռոնօրհնությունը կատարվում էր Ավագ Հինգշաբթի օրը, երբ Հիսուս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը: 


19-րդ դարի «Մաշտոցները» հրահանգում են, որ այն կարելի է կատարել նաև Հոգեգալստին կամ որևէ այլ պատշաճ օր: Հաճախ Մյուռոնօրհնությունը տեղի է ունեցել նաև Վարագա Ս. Խաչի տոնին (այս տարի ևս նույն տոնին է օրհնվելու Մյուռոնը), որը խաչին նվիրված մեր ազգային-եկեղեցական ինքնատիպ տոնն է:


Հաշվի առնելով, որ այդ օրը բազմաթիվ ուխտավորներ են ժամանում Ս. Էջմիածին աշխարհի բոլոր կողմերից, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի եղանակային պայմանները` վերջին շրջանում Մյուռոնն օրհնվում է աշնանը: 


20-րդ դարում սրբազան այս արարողությունը կատարվել է Մայր Տաճարի ներսում կամ զանգակատան դիմաց: Քանի որ այժմ շատերն են ցանկանում մասնակցել Մյուռոնօրհնությանը, 2001 թ. սկսած այն տեղի է ունենում նորակառույց Ս. Տրդատի Բաց խորանում: Այս տարի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ս. Պատարագ կմատուցվի Միածնաէջ Մայր Տաճարում, իսկ երեկոյան տեղի կունենա Մյուռոնօրհնությունը:
 

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

  • 2021-09-21
×