Մյուռոնի հրաշագործ զորությունը

Մյուռոնի հրաշագործ զորությունը

Դարերի ընթացքում հայոց Մյուռոնի հրաշագործ զորության մասին բազում պատմություններ են ստեղծվել` ընդգծելով նրա զորությունն ու ուժը: Միջնադարում շրջանառված մի ավանդության համաձայն` 1023 թ. հունվարի 6-ին` Աստվածհայտնության տոնին, բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը (1019-1058) Մաչկա կոչվող գետակի վրա կատարում է մեր ավանդական Ջրօրհնեքի կարգը: 


Կայսրը կարգադրում է, որ Հայոց Հայրապետը այն կատարի հայկական ծեսով, իսկ հույները` իրենց: Նա հայերին ավելի բարձր տեղում է կանգնեցնում, քան հույներին: Ըստ Կիրակոս Գանձակեցու († 1271) այս քայլի իմաստն այն էր, որ վերևում հայերի օրհնածը ներքևում հույները վերստին օրհնեին` այն կատարյալ դարձնելով:


Արիստակես Լաստիվերցին (11 դ.) գրում է, որ երբ Վեհափառը Մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից, դա տեսան բոլոր հավաքվածները, փառաբանեցին Աստծուն և մեր հավատի զորությունը բարձրացավ: Հետագա պատմիչները ոչ միայն չեն բավարարվում երևացած լույսի հրաշքով, այլ նաև որոշ հավելումներ կատարում: 


Սամվել Անեցին (12 դ.) նշում է, որ Պետրոս Կաթողիկոսը կանգնեցրեց գետը մի պահ, իսկ Գանձակեցին հավելում է, թե Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետի ջրերը ետ դարձան: 


Գետադարձի անվան հետ է կապված մեկ այլ ուշագրավ փաստ ևս: 1049 թ., երբ Կաթողիկոսը ստիպված էր Բյուզանդիա գնալ` մտածելով, որ գուցե այլևս չվերադառնա և մտահոգվելով Մյուռոնի մասին, նա Ախուրյան գետում երկաթե ամանների մեջ է թաքցնում շուրջ 400 լիտր Մյուռոն, որպեսզի այն հոռոմների ձեռքը չընկնի և չապականվի: Այս մասին է արձանագրում Մատթեոս Ուռհայեցին (11-12 դդ.) իր ժամանակագրության մեջ:
 

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

  • 2021-09-21
×