Ս. Մյուռոնի ժողովրդական ընկալումները

Ս. Մյուռոնի ժողովրդական ընկալումները

Դարերի ընթացքում Սրբալույս Մյուռոնը հայ մարդու համար դարձել է նվիրական սրբություն և ազգային դրոշմի խորհրդանիշ, որը միավորել է աշխարհացրիվ հայությանը` զանազան արտահայտությունների միջոցով արտացոլվելով նաև մեր հոգեբանության և մտածողության մեջ:


Խոսքերին հիմնավորում հաղորդելու համար շատ անգամ կարելի է լսել «Էն կանաչ Մեռոնը վկա», երեխայի անմեղությունն ու մաքրությունը ցույց տալու համար «Մեռոնի հոտը դեռ գալիս է» ժողովրդական արտահայտությունները: Երբ ինչ-որ կեղտոտ բանի ենք ձեռք տալիս կամ ոչ ճիշտ բան ճաշակում, մեծերն ասում են` «Մեռոնվելիք եղանք», այսինքն` վերստին մաքրվելու համար Մեռոն է պետք: Երբ մեկը սկսում է իրեն վատ պահել, ասում են` «Կանաչ մեռոնը պակասել է»: Երբեմն խմիչքի մաքուր և հաճելի լինելու դեպքում կարելի է լսել հետևյալ խոսքերը` «Ոնց որ Մեռոն լինի»: Շատ անգամ այն աղբյուրին, որը բժշկող զորություն ունի, անվանել են «Մեռոնաղբյուր»: Այս է պատճառը, որ մարդիկ հաճախ գալիս են եկեղեցի և մեռոնաջուր խնդրում իրենց հիվանդի համար: Մկրտության ժամանակ երեխային հագցվող զգեստը կոչվել է «Մեռոն լաթ»:


Այսօր էլ մեծ կարևորություն է տրվում Մեռոնահանի արարողությանը: Ինչպես տեսնում ենք, ժողովրդական նմանատիպ խոսքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս հայ մարդու անսահման հարգանքն ու երկյուղածությունը Մյուռոնի հանդեպ:

 

Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան

  • 2021-09-20
×