Ս. Մյուռոնի դրոշմով ճանաչում, ապրում, զգում և պահպանում ենք մեր հայ և քրիստոնյա ինքնությունը, մեր ազգային ամբողջականությունը: Մյուռոնադրոշմ հաղթել ենք վասն հավատի և վասն հայրենյաց կենաց և մահու մեր բոլոր պատերազմները, մեր գոյության և լինելիության բոլոր մարտերը:
Մյուռոնի զորությամբ ու լույսով միավորել և միավորում ենք մեր անցյալը, ներկան և մեր զավակների ապագան: Մյուռոնօրհնությունը, սիրելի հայորդիներ, կոչ է և հրավեր ազգիս` մնալու սրբության շնորհի մեջ, մերժելու չարը ու չարի գործերը և մեր կյանքում անստվեր պահպանելու Տիրոջ Ավետարանի լույսը: Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով, ընթանալու Քրիստոսի հետ, քանզի Ս. Մյուռոնով ի Քրիստոս մկրտված` Քրիստոսով հանդերձավորվեցիք:
Տիրոջ հետ, տերունապարգև սիրով միայն պիտի գերակայեն մեր կյանքում բարությունն ու արդարությունը, մեր սրտերի մեջ անսասան ու անբիծ պիտի մնա մեր հայրերի սուրբ հավատքը և մեր ուղին լինի բազմարդյուն ու բարեհույս...: Ժողովուրդ հայոց, ժողովուրդ շնորհընկալ և հաղթական, որ դարեդար ապրածդ կյանքով, սխրալի վկայություններով հավատարիմ ես Ս. Էջմիածնով Աստծո հետ հաստատած ուխտիդ, հանապազ նորոգվիր հավատքով, պայծառացիր եկեղեցաշեն և հայրենանվեր գործոց արդար ու բարի արգասիքներով, որ Աստծո օրհնության ներքո հավերժ անսասան մնա Քրիստոսապսակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, միշտ ապրի ազատ ու ինքնիշխան, Արարատով հավերժ թագադրյալ մեր Հայրենիքը, և հայ կյանքը լույսով նայի գալիքին (Գարեգին Բ Կաթողիկոս, 2008 թ. սեպտ. 28, Մյուռոնօրհնության քարոզից):
Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան