Ս. Մյուռոնն ըստ եկեղեցական հայրերի և լեզվաբանի

Ս. Մյուռոնն ըստ եկեղեցական հայրերի և լեզվաբանի

Ըստ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի` հունարեն «Մեռոն» բառը նշանակում է «հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ», որը ծագում է «քսել, օծել» արմատից: Չնայած այս ստուգաբանությանը, հայկական միջավայրում այն կապվել է «մեռնել», «դառնություն» և «մռայլ» բառերի հետ: Հայոց Եկեղեցու վարդապետներն ու հայրերն այսպես են մեկնաբանել` նկատի ունենալով Ս. Մկրտության խորհուրդը: Օր.` ԺԳ դարի նշանավոր վարդապետ Հովհաննես Երզնկացի Պլուզն ասում է. «Եվ Մեռոնը խաչանման ջուրն է կաթեցնում, որովհետև Մեռոնը Քրիստոս է, իսկ խաչաձևը Քրիստոսի խաչն է: Եվ ինչպես Քրիստոս խաչով մեռավ, նույնպես էլ քրիստոնյան Քրիստոսի հետ Ավազանի մեջ խորհրդաբար խաչակից է դառնում Քրիստոսին, և ասես մեռնում է այս աշխարհի և մեղքերի համար, և միայն Քրիստոսի բարեգործությամբ կենդանի լինում»: Իսկ աղոթասաց Ս. Գր. Նարեկացին եբրայեցերենի հետևողականությամբ Մյուռոնը ստուգաբանում է «մեռա» բառով, որ նշանակում է «դառնություն»: Մկրտության խորհրդով բաժնեկից ենք դառնում Քրիստոսի չարչարանքների դառնությանը, բայց վերստին ծնվելով Ս. Ավազանից` Նրա հետ նաև հարություն ենք առնում (հմմտ. Հռոմ. 8. 17): Իսկ Մյուռոնի «մռայլ» ստուգաբանությունը, որը երբեմն նաև այլ բառերով կոչվում է «խավար» և «մթին» կապվում է աստվածային ճշմարտությունների և Աստծո ճանաչողության հետ: Այդ ճշմարտությունները և Աստված անմատչելի են մեր մտքի համար, հետևաբար նաև խավար և մութ են, սակայն դրանց քաղցրությունը և մասամբ ճանաչողությունը տրված է ընտրյալներին և սրբերին:


Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

  • 2021-09-21
×