«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու Մարմինը և չըմպեք Նրա Արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա»:
(Հովհ. 6:54-57)
ԽՈՐՀՐԴԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ
Ս. Հաղորդությունը Հայ Առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Հաղորդությունն ունի Աստծո հետ միանալու, հաղորդակցվելու և մեկ մարմին լինելու իմաստ: Ս. Հաղորդության խորհուրդը Հիսուս Քրիստոս հաստատեց վերջին ընթրիքի ժամանակ, երբ 12 առաքյալների հետ զատկական սեղանի շուրջ նստած` վերցրեց բաղարջ հացը, օրհնեց, տվեց նրանց ու ասաց. «Առեք, կերեք, այս է Իմ մարմինը»: Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին և ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար»: Այնուհետ պատվիրեց. «Այս արեք իմ հիշատակի համար» (Մատթ. 26:26-29):
Քրիստոսի Եկեղեցին` Նրա պատվիրանի համաձայն, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում հաց և գինի է բաշխում ժողովրդին, որով յուրաքանչյուր քրիստոնյա հաղորդվում է Աստծո հետ:
ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ
«Հաղորդություն»` նշանակում է հաղորդակցության մեջ պահել արարածին` Արարչի հետ, մեղավորին` Քավչարարի հետ, փրկվածին` Փրկչի հետ: Այս խորհրդով կենսական կապ է ստեղծվում քրիստոնյայի և Քրիստոսի միջև: Ս. Պատարագի ժամանակ, ճաշակելով Տիրոջ Մարմինն ու Արյունը, հաղորդվողները խորհրդաբար միանում են ոչ միայն Աստծուն, այլև` իրար և այդպիսով կազմում են Քրիստոսի Մարմինը` Եկեղեցին: Ս. Հաղորդության խորհուրդը Եկեղեցու բոլոր անդամներին մեկտեղում է եղբայրական սիրո և խաղաղության կապով: Այդ պատճառով էլ քրիստոնյան առանց այս խորհրդի չի կարող Երկնքի արքայության ժառանգորդ դառնալ, հավիտենական կյանք ժառանգել. «Ով ուտում է Իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի. և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ Իմ Մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ Արյունը` ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է Իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, կբնակվի իմ մեջ և Ես նրա մեջ» (Հովհ. 6:54-57):
Հաղորդության խորհրդի սպասավորն օծյալ հոգևորականն է, իսկ հաղորդվողը` մկրտված անձ, ով պատրաստ է Աստծուն ընդունել իր մեջ: Արդյունքը` հաղորդվողի շնորհների բազմացումն է և մեղքերի քավությունը:
ԽՈՐՀՐԴԻ ՆՅՈՒԹԸ
Խորհրդակատարման նյութը ցորենի անթթխմոր հացն է և խաղողի անապական գինին: Ս. Գրիգոր Տաթևացին այսպես է բանաձևում խորհուրդը. «Հաղորդությունն իր մեջ պարունակում է Քրիստոսին` հաց ու գինու տեսքով, և նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես»: Ս. Պատարագի ընթացքում հացն ու գինին խորհրդավոր կերպով փոխակերպվում են Քրիստոսի ճշմարիտ Մարմնի և Արյան:
Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՀԱՂՈՐԴՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Հաղորդվելու ամենակարևոր նախապայմանն է անձի մկրտված լինելը, ինչպես նաև ուղղափառ վարդապետության խոստովանությունը: Կարևոր է նաև գիտակցել, թե ինչ ենք ճաշակում` սովորական հաց և գինի, թե՞ Քրիստոսի Մարմինն ու Արյունը: Ս. Պատարագից առաջ անհրաժեշտ է խոստովանել բոլոր մեղքերն ու սխալները: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեղքերի խոստովանության երկու կարգ ունի` անհատական և ընդհանրական: Անհատականը տեղի է ունենում հոգևորականի հետ առանձնազրույցի ընթացում, երբ հավատացյալը կարող է ոչ միայն խոստովանել իր մեղքերը, այլև ստանալ խորհրդատվություն հոգևորականից:
Ընդհանրական խոստովանության ժամանակ հավատացյալները եկեղեցում Աստծո առջև ծնկաչոք ընթերցում են եկեղեցու հայրերի կողմից գրված «զղջման» աղոթքը, որտեղ հիշատակվում են մարդկային բոլոր մեղքերը: Այնուհետև հոգևորականը Քրիստոսի կողմից շնորհված իշխանությամբ արձակում է նրանց մեղքերը (Հովհ. 20:23, Մատթ. 18:18), որից հետո խոստովանողները կարող են հաղորդվել: Այս է պատճառը, որ Ս. Հաղորդությունից առաջ անպայման պետք է քննենք ինքներս մեզ, զղջանք մեր սխալների համար, խոստովանենք Աստծո և Նրա սպասավորի՝ հոգևորականի առջև: Այդ օրը պետք է նաև ֆիզիկապես մաքուր լինել:
ԱՄՓՈՓՈՒՄ
Քրիստոնյայի կյանքի իմաստն Աստծու հետ հաղորդակցության մեջ է: Այս մտածումով պետք է մոտենալ Ս. Հաղորդության խորհրդին: Որպեսզի մեր մերձեցումն Աստծո հետ իրական լինի, հիշենք այն կարևոր պարագաները, որոնց առկայության դեպքում իրավունք ունենք հաղորդվել:
1. Անհրաժեշտ է լինել մկրտված և ունենալ հավատի ուղղափառ խոստովանություն:
2. Հաղորդությունից առաջ արգելվում է որևէ կերակուր ճաշակել:
3. Մինչև Աստծուն մերձենալու այդ պահը խրախուսելի է ինքնաքննությունը, որպեսզի ճանաչելով ինքդ քեզ՝ կարողանաս վճռել` հաղորդվել, թե՞ ոչ:
4. Մեղքի պատճառով Աստծո և մարդու միջև խզված կապը վերականգնելու լավագույն միջոցը Ս. Հաղորդությունն է: Հետևաբար այդ կապը վերականգնելու համար պետք է զղջալ և ցավել գործած մեղքերի համար, այնուհետև խոստովանել:
5. Մեծ պահոց շրջանում, երբ եկեղեցու վարագույրը փակ է, Ս. Պատարագի ժամանակ Հաղորդություն չի տրվում:
6. Հղի կանայք և հիվանդները կարող են հաղորդվել, և նրանց թույլատրվում է Ս. Հաղորդությունից առաջ սնունդ ընդունել:
7. Ս. Հաղորդություն ստանալու բուն պահը Ս. Պատարագն է:
8. Ծանր հիվանդ հավատացյալները կարող են հաղորդվել տանը: