Ձեռնադրություն

Ձեռնադրություն

Հովիվը քաջ, որ Իր անձը դրեց բանավոր հոտի համար, թող կարողություն տա քեզ Իր հոտն արդարությամբ հովվելու` քո անձի զոհողությամբ հոտի համար օրինակ լինելով:

Մաշտոց Ձեռնադրության


Ձեռնադրության Խորհուրդը


Ձեռնադրությունը (Քահանայության կամ Խորհրդի կարգ), աստվածային պաշտոնին նվիրելու` Ավետարան քարոզելու, Եկեղեցու խորհուրդները սպասավորելու, Քրիստոսով փրկություն շնորհելու, ժողովրդին ապաշխարության հրավիրելու, նաև շնորհ փոխանցելու խորհուրդն է: Ձեռնադրությունը տրվում է եպիսկոպոսի կողմից և նվիրագործվում Սուրբ Հոգու օծումով: Խորհուրդը Մկրտության ու Դրոշմի նման անկրկնելի և անջնջելի է:


Խորհրդի Հաստատումը
Այս խորհուրդը նույնպես հաստատել է Հիսուս Քրիստոս՝ Իր տնօրինական առաքելության ընթացքում ընտրելով Իր աշակերտներին ու նրանց քահանայապետական իշխանություն տալով (Ղուկ. ԻԴ 50-51):
Այդ իշխանությամբ առաքյալները սարկավագներ էին ձեռնադրում (Գործք Զ 5-6), Տիրոջ խոսքի համաձայն կապում էին և արձակում մարդկանց մեղքերը, իրենց ձեռքերը դնելով հիվանդների վրա` բժշկում նրանց (Գործք ԻԸ 8-9):
Այդ նույն իշխանությունն առաքյալները Սուրբ Հոգու շնորհով փոխանցեցին իրենց հաջորդներին, այդ իշխանությունը ստանում է նաև այսօր ձեռնադրվող հոգևորականը: Այսպես կազմավորվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը:

 

Եկեղեցու նվիրապետական կառույցը

Այն ունի ինն աստիճան.

Ա) Դռնապանություն,
Բ) Ընթերցողություն,
Գ) Երդմնեցուցչություն,
Դ) Ջահընկալություն,
Ե) Կիսասարկավագություն,
Զ) Սարկավագություն,
Է) Քահանայություն,
Ը) Եպիսկոպոսություն,
Թ) Կաթողիկոսություն:
 

Դռնապանությունից մինչև սարկավագություն կոչվում են փոքր աստիճաններ, իսկ վերջին երեքը` մեծ աստիճաններ: Այս փոքր աստիճանները խորհրդագործական կարգին չեն պատկանում, այլ սոսկ մասնավոր տվչություններ են Եկեղեցու ծիսական կանոնավորության համար և կազմում են դպրաց դասը: Փոքր աստիճանները թեև վեցն են, սակայն կան նաև Սողմոսերգուի և Ավելածուի պաշտոնը:
Դռնապան. եպիսկոպոսի հրամանով բացում և փակում է եկեղեցու դուռը: Աստիճանը տրվում է եպիսկոպոսի կողմից, եկեղեցուց դուրս, նվիրյալին հանձնելով եկեղեցու դռան բանալիները:
Ընթերցող. աստիճանը տրվում է եկեղեցում, դռան մոտ: Ընթերցողի պաշտոնն է կարդալ մարգարեական և առաքելական ընթերցվածքները: Նա պետք է հասուն անձ լինի:
Երդմնեցուցիչ. աստիճանը տրվում է եկեղեցու ատյանում: Այսօր այս պաշտոնը գոյություն չունի: Նախկինում նրա պարտականությունն է եղել. ա) հիվանդների վրա ձեռք դնելով` հրամայել դևերին դուրս գալ նրանց միջից, բ) մկրտվողներին հրաժարեցնել սատանայից:
Ջահընկալ. աստիճանը տրվում է եկեղեցու դասի առջև: Ջահընկալը պարտավոր է վառել եկեղեցու մոմերն ու ջահերը, պատրաստել Սուրբ Պատարագի նշխարը և բաժակը:
Կիսասարկավագ. Աստիճանը տրվում է եկեղեցու դասի առջև: Կիսասարկավագը պարտավոր է խնկարկել, զգեստավորել պատարագիչին, սպասարկել Ս. Պատարագի ընթացքում և այլն:
Սարկավագական աստիճան
«Սարկավագ» բառը հունարեն ծագում ունի, որ նշանակում է «սպասավոր, ծառա»: Առաքելական շրջանում սարկավագները սպասարկում էին կարիքավորներին, ինչպես նաև տնօրինում էին քրիստոնեական համայնքի տնտեսական հարցերը: Նրանց պարտականության մեջ է մտնում Սուրբ Սեղանի առջև սպասարկել պատարագիչ հոգևորականին: Ձեռնադրության ընթացքում եպիսկոպոսը նրան հետևյալ ծիսական արտոնություններով է օժտում. Պատարագի ընթացքում Ավետարանի ընթերցում, ինչպես նաև խորհրդանոցից Սուրբ խորհուրդը վերաբերելով` ընծայում պատարագիչ հոգևորականին:


Քահանայական աստիճան
Սարկավագական աստիճանին հաջորդում է քահանայականը: Քահանան Եկեղեցու խորհուրդները, աստվածային պաշտամունքները և արարողությունները կատարող անձն է և հովիվը: Հայաստանյայց Եկեղեցին ունի նաև կուսակրոն քահանաներ, որոնք կոչվում են աբեղաներ: Աբեղաները ստանում են նույն քահանայական ձեռնադրությունն ու օծումը` իրենց լուծը ծանրացնելով կուսության լուծով:


Վարդապետական աստիճան
Այս աստիճանը Եկեղեցում առանձին կարգ չէ, այլ կուսակրոն քահանայություն ունեցողին տրվում է որպես գիտական աստիճան: Վարդապետական այս աստիճանի հատուկ պաշտոնն է քարոզել և ուսուցանել, մեկնել Աստվածաշունչը, Եկեղեցու դավանությունը, ծեսն ու կանոնները բացատրել և ընդհանուր առմամբ հսկել Եկեղեցու վարդապետության անաղարտ պահպանմանը: Վարդապետությունն ունի 14 աստիճան: Առաջին չորսը մասնավոր վարդապետի աստիճաններն են, իսկ մնացածը` մեծ կամ ծայրագույն վարդապետի:


Եպիսկոպոսական աստիճան
Եպիսկոպոսությունը Եկեղեցու նվիրապետական կարգի բարձրագույն աստիճանն է: Նա Եկեղեցու տեսուչն է (Տիտ. Ա 8-9), ժողովրդի առաջնորդն ու թեմի կառավարիչը: Միայն եպիսկոպոսն իրավունք ունի Եկեղեցու բոլոր խորհուրդների ու կարգերի հետ միաժամանակ նաև ձեռնադրություն կատարել: Բացառությունը մյուռոնի օրհնությունն է, որը վերապահված է միայն կաթողիկոսին:


Արքեպիսկոպոս և պատրիարք
Արքեպիսկոպոսը և պատրիարքը ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսներն են, սակայն վարչականորեն տարբեր իրավասություններ ունեն: Արք կամ Արհի նշանակում է մեծ, այսինքն` այն եպիսկոպոսը, ով իր վարչական իրավասությանը ենթակա ունի մեկ կամ ավելի եպիսկոպոսներ: Ներկայում արքությունը վերածվել է պարզ տիտղոսի, որը տրվում է Կաթողիկոսի կողմից հատուկ կոնդակով:
Պատրիարք հունարեն բառ է և նշանակում է Հայրապետ: Հայ Եկեղեցում պատրիարք են կոչվում Երուսաղեմի, Կ. Պոլսի Հայոց նվիրապետական աթոռները գլխավորող արքեպիսկոպոսները:


Կաթողիկոս
Կաթողիկոս նշանակում է ընդհանուր պետ: Նա նախանձախնդիր պահապանն է մեր Եկեղեցու` դավանության, ծեսի, կանոնների ու ավանդության: Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու բացարձակ առաջնորդն է: Նա կոչվում է նաև քահանայապետ, եպիսկոպոսապետ, հովվապետ: Կաթողիկոսն է ձեռնադրում եպիսկոպոսներին և օրհնում սրբալույս մյուռոնը: Նրա օրհնությամբ և կարգադրությամբ են վճռվում Եկեղեցու վարչական, ինչպես նաև դավանաբանական կարևոր խնդիրները: Միայն Կաթողիկոսն իրավունք ունի ամուսնալուծության վճիռ տալ:


Ամփոփում
 

Ձեռնադրության համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.
 

1. Լինել չափահաս և ունենալ մարմնական, մտավոր և հոգևոր անթերի վիճակ (Ղևտ. ԻԱ 16-18, 21):
2. Ունենալ կոչմանը համապատասխան մտային և հոգևոր պատրաստվածություն:
3. Լինել արժանի` աստվածային պաշտոնը ստանձնելուն:
4. Ունենալ ներքին վկայություն իր արժանավորության մասին (Կորնթ. Ժ 18):
5. Ունենալ վկայություն Եկեղեցու (ժողովրդի) կողմից:
6. Ունենալ հանձնառություն` հետևելու Հայ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը և Ս. Հայրերի ուսուցմանը` միաժամանակ մերժելով բոլոր աղանդավորական շարժումները և հերետիկոսությունները:


Անհրաժեշտ է նաև, որպեսզի նվիրյալը բարեպաշտ ծնողներից ու սուրբ անկողնուց ծնված լինի:
Ահա թե ինչ է ասում ձեռնադրության ու քահանայության մասին սուրբ Հովհան Մանդակունին.«Քահանան ամենակալ Աստծու հրեշտակն է: Եթե արհամարհես, Աստծու առջև ես մեղանչում, որը նրան ձեռնադրեց, և նրա միջոցով Ինքն է կատարում Պատարագի խորհուրդն ու մկրտությունը: Թեպետ և նրանք արժանի չեն ահեղ խորհրդին մոտենալու, սակայն մարդկանց փրկության համար Աստված չի արգելում Սուրբ Հոգու շնորհները, որովհետև եթե էշի միջոցով և Բաղաամի դյութական ճանապարհներով խոսեց մարդկանց փրկության համար, որչափ ևս առավել անարժան քահանայի միջոցով ինքը գործի կդնի ամեն ինչ մեր փրկության համար: Իսկ դու եթե սրբությամբ հաղորդակից դառնաս Սուրբ խորհրդին, քահանայի պղծությունը քեզ չի վնասի: Նույնպես եթե որևէ մեկը պղծությամբ մերձենա Սուրբ խորհրդին, քահանայի սրբությունը չի օգնի: Իսկ եթե համարես, թե արատավոր քահանայի ձեռքով Սուրբ Հոգու շնորհները չեն իջնում Պատարագի մեջ, և Աստված նրանով չի գործում, հիշիր, որ խախտում ես Եկեղեցու կարգը և քո քրիստոնյա լինելու անունը: Եվ եթե այդպես է, և Պատարագը Պատարագ է ըստ քեզ, ուրեմն նաև քահանայության կարգը հաստատուն չէ: Այսպիսով, քրիստոնեությանդ հույսը սնոտի է, որովհետև բոլորս էլ մեղքերով լեցուն ենք»:
 

Ինչպես ողջունել հոգևորականներին
Քահանային` Օրհնեցեք, տեր հայր, կամ` Օրհնյա, տեր:
Աբեղային և վարդապետին` Աստված օգնական, հայր սուրբ:
Եպիսկոպոսին` Աստված օգնական, սրբազան հայր:
Կաթողիկոսին` Աստված օգնական, վեհափառ տեր:

  • 2021-09-21
×