Դրոշմ

Դրոշմ

«Եվ Նա, որ հաստատեց մեզ ի Քրիստոս ձեզ հետ միասին և օծեց մեզ, Աստված է, որ մեզ կնքեց էլ և Հոգու առհավատչյան դրեց մեր սրտերի մեջ» (Բ Կորնթ. Ա 21-22):


Դրոշմի խորհուրդը


Մկրտության մաքրագործող խորհրդին հաջորդում է Դրոշմի շնորհաբաշխ խորհուրդը: Եվ եթե մկրտությամբ շեշտը դրվում է առավելապես մարդու մաքրագործման վրա, ապա դրոշմի խորհրդով` հավատքի մեջ զորանալու: Այս խորհուրդը Սուրբ Հոգու նորոգիչ շնորհների ընդունման համար է: Ստանալով աստվածային շնորհները` մարդը զորանում է հոգով, և անտեսանելի զրահներով ու զենքերով սպառազինվում ընդդեմ չարի հարձակումների:

«Գործք Առաքելոց»-ը վկայում է, որ առաքյալները մկրտվողների վրա ձեռք էին դնում, և վերջիններս այդպիսով ստանում էին Սուրբ Հոգու պարգևները (Գործք Ը 16-18): Սակայն երբ հավատացյալների բազմությունն առավել մեծացավ, և երբ քրիստոնյա համայնքները ընդարձակվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ, առաքյալներն այլևս չէին կարող անձնապես յուրաքանչյուր մկրտվողի վրա ձեռք դնել: Եվ որպեսզի մկրտվողները չզրկվեն Սուրբ Հոգու կեցուցիչ պարգևներից, առաքյալները ձեռնադրության արարողությունը փոխարինեցին յուղով օծելու` Դրոշմի խորհրդով: Կարգադրեցին նաև, որ օծումը կատարեն երեցները:
Յուղով օծումը հայտնի էր դեռևս Հին Ուխտի ժամանակ: Սակայն միայն Հիսուսի մարդեղությամբ` Օծյալի գալստյամբ այն կատարելապես իմաստավորվեց և դարձավ աստվածային: Միով բանիվ` Դրոշմը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա:


Դրոշմի նյութը


Դրոշմի խորհուրդը կատարվում է սրբալույս Մյուռոնով: Մյուռոնը հունարեն բառ է, որը նշանակում է անուշահոտ յուղ: Նրա գլխավոր բաղադրիչը ձիթենու յուղն է` ձեթը, որին խառնում են նաև 40-ից ավելի անուշահոտ նյութեր, որոնցից գլխավորը բալասանն է: Մեր Եկեղեցում Ս. Մյուռոն պատրաստելու և օրհնելու իրավունքը վերապահված է Կաթողիկոսին: Մյուռոնի աստվածաբանական իմաստն արտահայտված է նրա օրհնության աղոթքում, մասնավորապես հետևյալ հատվածում.


«Արդ, Դու նույն Ինքդ Տեր մեր Աստված,
խոնարհվելով դեպի Քո ծառաների աղաչանքները`
առաքիր Քո առատ ողորմությունը
այս ձիթենու պտղի մեջ,
որ մարդկանց ազգի փրկության
ու օգտակարության համար տվեցիր,
և բնակեցրու մեր մեջ սուրբ ու Բարերար Հոգուդ
շնորհները` ի գործակցություն և ի լրումն
Քո սուրբ խորհուրդների…»:


Դրոշմի կատարման կարգը


Հայոց Եկեղեցին մկրտության և դրոշմի խորհուրդները կատարում է միաժամանակ, որպեսզի մկրտության մաքրագործումից հետո անմիջապես ստանանք աստվածային շնորհները: Եկեղեցին դրոշմի խորհուրդը միացրել է մկրտության խորհրդին` նկատի ունենալով Քրիստոսի օրինակը: Երբ Նա սուրբ Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում մկրտվելուց հետո ջրից դուրս եկավ, Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Նրա վրա, և երկնքից ձայն լսվեց, որն ասում էր.«Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. Գ 17): Եվ սուրբ Գրիգոր Լուսավորիչն էլ, երբ Արածանի գետում մկրտում էր հայոց ազգին, միաժամանակ օծում էր սուրբ մեռոնով, ինչպես վկայում է Ագաթանգեղոսը:


Դրոշմի խորհուրդը կոչում ենք նաև Կնունք, քանի որ աստվածային կնիքով դրոշմվում են մկրտվողի մարմնի համապատասխան մասերը` զգայարանները:


Քահանան իր մեռոնաբաշխ մատով կնքում է մեր ճակատը և ասում.«Յուղն անուշ, Հիսուս Քրիստոսի անունով հեղվելով քեզ վրա, թող լինի երկնավոր անապական պարգևների կնիքը»: Այնուհետև ձեռքը սահեցնելով մեր աչքերի վրայով` ասում է. «Հիսուս Քրիստոսի անունով դրոշմվող կնիքս այս թող լուսավորի քո աչքերը, որպեսզի երբեք հավիտենական մահով չննջես»: Հետո դրոշմում է մկրտվողի ականջներն ու ասում. «Օծումն այս սրբության թող լինի քեզ լսողություն աստվածային պատվիրանների համար»: Հոտառության զգայարանը հաջորդն է այս շարքում. «Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար հոտ անուշության, որը կառաջնորդի քեզ կյանքից դեպի կյանք»: Հաջորդում են շուրթերը. «Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար պահպանություն բերանի և ամուր փական քո շրթունքներին»: Հետո ձեռքերն են դրոշմվում. «Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս բարիք գործելու պատճառ թող լինի քեզ համար` գործով և վարքով հնարավորին չափ առաքինություններ կատարելու»: Այնուհետև դրոշմվում է կուրծքը (սրտի մոտ). «Կնիքս աստվածային թող սուրբ սիրտ հաստատի և ուղիղ հոգի նորոգի քո մեջ»: Թիկունքն օծելիս հետևյալ խոսքերն է ասվում. «Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար ամրության վահան, որով կկարողանաս հանգցնել չաիր արձակած բոլոր մխացող նետերը»: Եվ ամենվերջում ոտքերն են դրոշմվում. «Կնիքն այս աստվածային թող ուղղի քո ընթացքը դեպի հավիտենական կյանք, որպեսզի երբեք չսասանվես»:
Ուրեմն, Դրոշմը հաստատության խորհուրդ է, որ տրվում է մարդուն` զորացնելու և արիացնելու համար: Մարդը հաստատվում է Աստծո մեջ, դառնում Սուրբ Հոգու տաճար և ժառանգորդ Երկնքի Արքայության:


Ամփոփում
Հոգևորականի կողմից մյուռոնով դաջված այս խաչանիշ կնիքն անփոխարինելի է: Այն սովորեցնում է մեզ արժևորել մեր բոլոր զգայարանները: Եթե փորձենք հոգալ մեր զգայարաններից յուրաքանչյուրի մասին առանձին, ապա առավել հեշտորեն կկարողանանք մաքուր պահել մեր անձը: Այս է հիշեցնում մանավանդ սուրբ Եփրեմ Խուրի Ասորին իր աղոթքներից մեկում. «Լռեցրու, Տեր, իմ շուրթերը բամբասելուց, լեզուս` չար խոսելուց, աչքերս` թյուր հայացքից, ականջներս` չար լուր լսելուց, ձեռքերս` հափշտակելուց, ոտքերս` անառակ ընթացքից: Եվ բոլոր անդամներս պարսպիր, զգաստացրու միշտ Քեզ հաճելին կատարելու»:


Նորադարձ քրիստոնյայի համար դրոշմի խորհուրդն իր հոգեգալուստն է: Ինչպես առաքյալների վրա հոգեգալուստը հրե լեզուների տեսքով եղավ, այսօր էլ այդ խորհուրդը մեզ ներկայանում է մյուռոնի անուշահոտ յուղով: Դրոշմի խորհուրդը ևս անկրկնելի է, ինչպես Մկրտությունը:
Մկրտության, Դրոշմի խորհուրդներից հետո ծիսակատար հոգևորականը մեզ արժանացնում է ընդունել Եկեղեցու յոթ խորհուրդներից ևս մեկը` Հաղորդության խորհուրդը:
Այսպիսով, Դրոշմի խորհրդով մարդը ստանում է նոր կյանքի աստվածային կնիքները` Սուրբ Հոգու ընդունման նշանները: Եվ միայն կնքվելուց հետո է մարդը դառնում քրիստոնյա, այսինքն` օծված, և ընծայվելով Սուրբ Հոգուն` որդեգրվում է Հայր Աստծուն:


Խաղաղություն քեզ, փրկյալդ Աստծո,
Խաղաղություն քեզ, օծյալդ Աստծո:

  • 2021-09-21
×