Մկրտվել կարող ես միայն մեկ անգամ...

Մկրտվել կարող ես միայն մեկ անգամ...

Ծնվե՞ց, իսկ ի՞նչ անուն եք ընտրել, քառասունքից ե՞րբ դուրս կգա, ե՞րբ կմկրտեք...


Հաջորդական հարցեր, որոնք հնչում են մեր առօրյայում և բնական երևույթներ են մեր իրականության մեջ: Կան շատ իրողություններ, որոնք սերնդեսերունդ փոխանցվել, արմատացել և դարձել են ազգային, ավանդական: Դրանցից շատերն ունեն խորը հոգևոր նշանակություն, որոնց կրողը պետք է լինի յուրաքանչյուր քրիստոնյա, դա հոգևոր ժառանգություն է, որով պետք է հարստացնենք մեր գիտելիքները: Նախահիմք հանդիսացող պատմություններ պետք է փնտրել յուրաքանչյուր իրավիճակում, քանի որ մեզանում ընդունված նորմերի մեծ մասը խորհուրդ ունի, որոնց տեղյակ պետք է լինենք: Օրինակ, անունը կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում. մկրտելիս Հայ Առաքելական եկեղեցին նաև անվանափոխության կարգ է կատարում:


Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հիշեցրեց, որ ի սկզբանե երեխային մկրտել են 8 օրական հասակում և մինչև ութ օրական երեխան անուն չի ունեցել, կամ գոնե արդեն որոշած են եղել քահանայի հետ, և ավազան մտցնելու պահին քահանան անվանակոչել է երեխային որևէ սրբի անվամբ: «Այսօր, երբ շատ դեպքերում գալիս են օտարածին անուններով, բնականաբար, քահանայի ցանկությամբ, նաև համաձայնեցնելով ծնողների հետ, օտարածին անունները փոխվում են, բայց այս դեպքում անվանափոխությունը կատարվում է միայն հոգևոր առումով, աշխարհիկ կյանքում անձը չի փոխում իր անունը: Եթե ցանկանում է, օրենքով սահմանված կարգով կարող է փոխել անունը ՝ վերցնելով մկրտության անունը», - ասաց Տեր Շմավոնը` նշելով, որ մկրտությունից հետո վկայականների մեջ փակագծերում նոր անունը միշտ նշվում է:


Անվանումից հետո կարևոր խորհուրդ ունի նաև մանկան քառասունքը:


«Երեխայի ծնունդից հետո քառասուներորդ օրը երեխային բերում են եկեղեցի՝ առաջին օրհնությունը ստանալու: 40-րդ օրվա աղոթքը նախ վերաբերում է մորը: Առաջներում մայրը եկեղեցու դռան առջև մինչև եկեղեցի մտնելը քառասուն անգամ ծնկի էր գալիս, քահանան օրհնում, աղոթք էր անում, որից հետո մտնում էին եկեղեցի: Խորհուրդը հետևյալն է. նախ, մայրը ստանում է արտոնություն՝ մաքրվելուց հետո տաճար մտնել, իսկ երեխայի պարագայում՝ ինչպես քառասնօրյա Քրիստոս մանկանն ընծայեցին տաճար և Սիմեոն ծերունին գրկեց երեխային, նույնպես և մենք ենք շարունակում այդ ավանդույթը և երեխային տաճար բերելով ՝ աղոթում ենք, որ Աստծո աջը պահապան լինի նրան», - ասաց Տեր Շմավոնը:


Մկրտությունը կարևոր շրջափուլ է մարդու կյանքում՝ թե մանուկ և թե գիտակից տարիքում: Մկրտությունից հետո, ապրելով բնականոն կյանքով, մարդիկ կամա թե ակամա մեղքեր են գործում: Մկրտվել կարող են միայն մեկ անգամ, բայց դրանից հետո գործած մեղքերից ազատվելու, թողություն ստանալու համար մարդու հոգևոր կյանքում գործում է ապաշխարության խորհուրդը:

 


Պատրաստեց Նարե Ոսկանյանը

  • 2021-09-21
×