Ավագ շաբաթվա նկարագրություն

Ավագ շաբաթվա նկարագրություն

Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի տնօրինությունների՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ հարության շաբաթն է: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն պարգևելու և Երկնքի արքայություն փոխադրելու համար:


Այս շաբաթը կոչվում է ավագ, քանի որ իրենում պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ՝ աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես՝ աշխարհի վախճանի խորհուրդը:


ԾԱՂԿԱԶԱՐԴ: Ավագ շաբաթվա առաջին օրը Ծաղկազարդի կիրակին է: Այն խորհրդանշում է արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: 
Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:


Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոսն Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծու Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում: 
Ծաղկազարդի կիրակին խորհրդանշում է նաև Տիրոջ Երկրորդ գալուստը. երբ Տերը մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և մարդիկ, արմավենիների ճյուղեր վերցնելով, Հիսուսին ընդառաջ ելան (Մատթ. ԻԱ 1-17): Սա խորհրդանշում է գերեզմանից մեռելների ելնելը և Տիրոջն ընդառաջ գնալը: Արմավենիներով ընդառաջ ելնելը խորհրդանշում է սրբերի ընդառաջ ելնելը Տիրոջը՝ յուրաքանչյուրն իր բարի գործերն ունենալով իր ձեռքում:


Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հրամանով հայտարարված է մանուկների օրհնության օր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ երբ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնութի՜ւն Դավթի որդուն» (Մատթ. ԻԱ 15):


ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ: Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկընքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. Ե 21-24):


Այս օրը Քրիստոսն անիծեց անպտուղ թզենին, և այն իսկույն չորացավ (Մատթ. ԻԱ 18-22): Անպտուղ թզենին օրինակն է ճշմարիտ հավատք ու բարի գործեր չունեցող մեղավորների, ովքեր պատժվելու են վերջին օրը աստվածային հրամանով:


ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ: Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Պողոսը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. Ա 4):
Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. Է-ԺԱ):


Այսօր՝ Ավագ երեքշաբթի օրը, արարածների Արարիչը, մարդու կերպարանքով զգեստավորված, նստում է Ձիթենյաց լեռան վրա, որն օրինակն է վերին արքայության, և Իր աշակերտներին պատմում Իր չարչարանքների, տաճարի ավերման, աշխարհի վախճանի, նեռի գալստյան, գործվելիք պղծությունների և Իր երկրորդ՝ հրաշափառ գալստյան մասին: Վերջում այս ամենն ամփոփում է «Տասը կույսերի» առակով (Մատթ. ԻԴ-ԻԵ 13): Տասը կույսերը խորհըրդանշում են ամբողջ մարդկային ցեղը, իսկ նրանց լապտերների յուղը՝ ողորմությունն ու մարդասիրությունը: Կույսերի ննջելը խորհրդանշում է բոլորիս ննջելը գերեզմանում, իսկ փեսային ընդառաջ ելնելը՝ հարությունը գերեզմանից: Իմաստուն կույսերը նրանք են, ովքեր անձի սրբությանը խառնեցին ողորմածությունը, հավատին՝ բարի գործերը: Իսկ հիմարները կուսության մեծ գործին խառնեցին ընչասիրությունը և ողորմության գործերից զուրկ գտնվեցին:


ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ: Այսօր հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք ԺԲ-ԺԴ), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք ԻԵ-ԻԷ), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու Ա-ԺԹ):


Ավագ չորեքշաբթի օրը հիշատակն է նաև Տիրոջ մատնության, որ կատարվեց Նրա աշակերտ Հուդայի կողմից՝ քահանայապետերից ստացած 30 արծաթի դիմաց (Մատթ. ԻԶ 14-16):


ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ: Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: 
Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԴ, ԺԶ, ԺԷ):


Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը (սրա հիշատակն ենք նշում եկեղեցում այս օրը կատարվող Ոտնլվա արարողությամբ, որի վերջում հավատացյալներին օրհնված յուղ է բաժանվում հիվանդությունների պարագային գործածության համար), նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով սուրբ Պատարագի խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. ԻԶ 17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո՛ տալ սուրբ Խորհուրդը:


Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:


Ավագ հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է նաև Խավարման արարողությունը, որն արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին՝ Տի-րոջ ձերբակալությանը, չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը, և Խավարում է կոչվում այն պատճառով, որ Հիսուսի խաչելության ժամանակ արևը կեսօրին խավարեց մինչև ժամը երեքը, երբ Հիսուսը հոգին ավանդեց (Մատթ. ԻԷ 45-50):


ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ: Ավագ Ուրբաթը խորհրդանըշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց Դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց Դրախտից:


Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված սուրբ Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը, ինչպես արդեն նշվեց, Տերը Հուդայի մատնությամբ ձերբա-կալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. ԻԶ 47-ԻԷ 56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:


ԱՎԱԳ ՇԱԲԱԹ: Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգըստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց ժամանակավոր ու ապականության ենթակա աշխարհը, իսկ յոթերորդ օրը՝ սրբերի հանգիստը: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:


Վեցերորդ ժամանակաշրջանում Փրկիչը եկավ կամավորապես չարչարվելու: Այս մեծախորհուրդ շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս օրը Հիսուսը մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը, ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը:
Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:


Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրը Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակար-գը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան:
Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:

  • 2021-07-21
×