Պահքը և Աստվածաշունչը

Պահքը և Աստվածաշունչը

Որպեսզի հասկանանք, թե ի՛նչ է Աստվածաշունչն ասում պահքի մասին, նախ եկե՛ք հասկանանք, թե ի՛նչ է պահքը: 
 

Հայոց դասական բառարաններից ամենահայտնին` «Հայկազյան բառարանը» մեկնաբանում է պահքը որպես` «կերակրի ժուժկալություն»:
 

Աստվածաշունչ մատյանն էլ պահքը հիմանականում ներկայացնում է որպես հրաժարում կերակրից (ծոմ) կամ ուղղակի կերակրի չափավորություն, սակայն նկատենք, որ դրա տակ միևնույն ժամանակ դնում է հոգևոր խոր բովանդակույթուն:
 

Այսպես`Աստվածաշնչում պահքի առաջին օրինակը մեզ հանդիպում է Եդեմի պարտեզում. «Տեր Աստված պատվիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2:16-17): Պարզ ասած` առաջին մարդուն տրվել էր ամեն բարիք` ուտելու և վայելելու համար, և արգելվել էր ուտել միայն «բարու և չարի գիտության ծառից», սակայն, ինչպես շատերին հայտնի է, այս հասարակ պահքը մարդը չկարողացավ չխախտել, (կարդա՛ Ծննդոց 3-րդ գլուխ):
 

Այս պահքի խախտումից էլ ծագեց նոր պահքերի անհրաժեշտությունը. մարդը պիտի կարողանա հաղթահարել մարմնական ցանկություններն ու ձգտումները, որպեսզի զորացնի իր կամքը և հոգին, որպեսզի ապացուցի իրեն և Աստծուն, որ որքան էլ «արգելված պտուղը քաղցր է», միևնույն է, սեփական փրկությունն ավելի քաղցր է և ցանկալի:
 

Աստվածաշնչի հետագա էջերում` թե՛ Հին և թե Նոր Կտակարաններում բազմիցս հանդիպում ենք պահեցողական երևույթների, առավելաբար ծոմի` կերակրից կատարելապես հրաժարման: Հին Կտակարանյան ժամանակներում նկատելի է, որ հրեա ժողովրդը պահք էր պահում`
ա. Մեղքերի ներման համար – տե՛ս Ղևտ. 16:29-31, 23:27-29, Թվեր 29:7, Հովն. 3:5,
բ. Երբ պատրաստվում էր հաղորդակցվել Աստծո հետ – տե՛ս Բ Օր. 9:9, Դան. 10:3,
գ. Այն դեպքում, երբ անդառնալի կորուստ էր լինում – տե՛ս Բ Թագ. 1:12, Գ Թագ. 21:27, Սաղմ. 34:13,Հովել 2:12-15,
դ. Որևէ բանի հետ մեծ հույս կապելու դեպքում – տե՛ս Բ Թագ. 12:16-23, Դատ. 20:26, Բ Մնաց. 20:3, Ա Եզր. 8:51, 54, Զաք. 8:18-19:
 

Պակաս առատ չեն պահեցողության օրինակները Նոր Կտակարանում: Ղուկաս Ավետարանիչը հայտնում է, որ Աննա մարգարեուհին տարիներ շարունակ ապրում էր ծոմ պահելով (Ղուկ. 2:37), իսկ Հովհաննես Մկրտչի պահեցողությունը` «նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր» (Մատթ. 3: 4), համարվում է Նոր Ուխտի ամենախիստ պահքերից մեկը, որին հետևում էին նաև նրա աշակերտները (Ղուկ. 5:33):


Քրիստոս Ինքն էլ խրախուսում է պահեցողույունը (Մատթ. 17:20) և չափազանց կտրուկ է արտահայտվում կեղծ պահեցողների մասին` պատվիրելով ծոմ պահել առանց ավելորդ ցուցադրականության (Մատթ. 6:17-19):
 

Ավելին, Աստվածորդին անապատի փորձության (Մատթ. 4:1-11) Իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպե՛ս է պետք հաղթահարել պահքի ընթացքում առաջ եկած գայթակղությունները` «միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4:4):
 

Հիշյալ սկզբունքը և պահեցողական կենցաղավարությունը իրենց արտահայտումը գտան նաև Վաղ Եկեղեցում, որտեղ պահեցողությունը նկատվում էր որպես կարևոր ու աստվածահաճո ձեռնարկի հաջող սկիզբ (Գործ. 13:3, 14:22) և, անշուշտ, իրական ու կարևոր առաքինություն (Բ Կորնթ. 6:6):
 

Ահա այս սուրբգրային ամուր հիմքի վրա հետագայում Քրիստոսի Սուրբ Եկեղեցին որդեգրեց պահեցողության փորձառությունը, որն իր լուրջ զարգացումն ապրեց ճգնավորների ու անապատականների կյանքում` դառնալով քրիստոնեական բարոյագիտության կարևոր մի մասը, դառնալով քրիստոնյայի հոգեմարմնավոր էության զորացման անփոխարինելի գրավական:


Հեղինակ՝ Տեր Հուսիկ քահանա Սարգսյան

  • 2021-09-21
×