Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի հիշատակությունն է:
Ավագ շաբաթի խորհրդաբանությունը տարբերվում է սուրբ քառասնորդաց պահքի խորհրդաբանությունից: Ավագ շաբաթվա ութ օրերը համապատասխանում են արարչության յոթ օրերին և ութերորդ անվախճան դարին:
«Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ եկավ դեպի այն և նրա վրա ոչինչ չգտավ, այլ միայն՝ տերև»:
Ավագ երկուշաբթի եկեղեցում ընթերցվում է Անիծված թզենու առակը, որը ներկայացնում է, թե ինչպես Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, չորացնում է անպտուղ թզենին (Մատթ. 21:22): Թզենին հրեաների օրինակն է, և իջնելով երկնքից ու գալով հրեաների մոտ՝ Հիսուս նրանցից պահանջեց Աբրահամի հավատն ու գործերը, բայց գտավ միայն որդեգրության անունը, որը տերևն է, և ոչ՝ պտուղը: Այդ պատճառով հարվածեց ու գոսացրեց նրանց դալարությունը. «Այսուհետեւ քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»:
Մարդիկ հաճախ կարևորում են մարդկային հարաբերությունների ու կյանքի արտաքին հատկանիշները՝ արդյունքում զորացնելով ցուցամոլությունը, հոգևոր դատարկությունը, անպտուղ կյանքը, ինչպես օրվա խորհրդանիշ թզենին՝ միայն տերևներով զարդարված ու անպտուղ: Իսկ պտուղները, որոնք ակնկալում է Քրիստոս, գործերն են, որոնք ծառայում են այն սիրուն ու նվիրումին, որ յուրաքանչյուր քրիստոնյա ներդնում է իր «է»-ի մեջ:
Մեզանից յուրաքանչյուրն էլ մի «այգի» ունի, որտեղ ծառեր է տնկել: Ամեն տարվա այս օրը մեզ ևս մեկ անգամ հնարավորություն է տրվում մտնել այդ այգի ու վերանայել կյանքի ընթացքը և անպտուղ ծառերի հանդիպելով՝ վերարժևորել և փոխել կյանքի ընթացքը: Այդ ճանապարհին հնարավոր է, որ փորձությունների հանդիպենք, սակայն դրանք ոչ թե մեր կամային հատկությունները զրոյացնելու համար է, այլ` մեր հավատքի մեջ ավելի ամրանալու և զորանալու:
Աիդա Գևորգյան