Մեծ պահքի երկրորդ կիրակին բոլորիս հայտնի է որպես արտաքսման կիրակի, ինչը հիշեցնում է մարդու՝ դրախտից արտաքսվելը:
Դու, ով Տեր, նախ դրախտում հաստատեցիր Պահքի սուրբ օրենքը,
Որը մեր նախածնողները չպահեցին
Եվ արգելված պտուղն ուտելով`
Ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը:
Երբ Աստված ստեղծեց մարդուն, նա առաջին բանը, որ արեց ազատ կամք շնորհելն էր, բայց դա ամենևին չէր նշանակում, որ մարդը պետք է ըմբոստանա և շեղվի աստվածահաճո ճանապարհից, չնայած որ Աստված երբեք ոչինչ չէր պարտադրում մարդուն. Նա պարզապես զգուշացնում էր, իսկ ընտրությունը թողնում մարդուն:
Աստված Ադամին ու Եվային տվեց կյանքի պատվիրանը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16-17):
Բարին ու չարը դրված էր նրանց առաջ, նրանք կարող էին ընտրել իրենց կամեցածը՝ կա՛մ Աստծո կամքը, կա՛մ արտաքին հրապույրը: Եթե մնային բարու մեջ, կհարատևեին իրենց երանության մեջ, իսկ եթե կամենանային չարը իմանալ, չարի համն էլ ճաշակել, արտաքին հրապույրն էլ փորձել, կճաշակեին և մահը:
Ուտելով բարու և չարի գիտության ծառի պտղից՝ մարդը ընտրեց աշխարհի գրավիչ հրապույրը: Այսպես արտաքսվեցին դրախտավայրից առաջին մարդիկ՝ անսալով չարի խորհուրդներին: Խոսելով արտաքսման մասին՝ պետք է առաջնային նշել մարդու անհնազանդության մասին, երբ մարդուն թվաց, որ նա կարող է ամեն ինչ առանց Աստծո օգնության:
Այդպես է նաև կյանքում. հաճախ է պատահում, երբ մարդը հրապուրվում է և մերժում այն ամեն բան, բայց երբ գիտակցում է իր սխալը, այն արդեն գործած է լինում: Իզուր չէ ասված՝մերժիր այն ամենն, ինչը ծառայում է որպես գայթակղություն Մեծ Պահքի օրերին:
Մեծ Պահքը հնարավորություն է տալիս մարդուն ամեն օր ապրել բոլոր այն խորհուրդներով, որոնք Պահքն իր մեջ ներառում է, այդ թվում նաև Մեծ Պահքի կիրակիները, որոնք առանձնահատուկ են: Մեծ Պահք ես պահու՞մ, ուրեմն ամեն օր մի մոռացիր խնդրել Տիրոջը շնորհել պատվիրանների քաղցրության ճաշակումը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին