«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թև ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:
Մատթեոս Զ 16-18
«Եվ արդ,- ասում է ձեր Տեր Աստվածը,-դարձե՛ք Ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով»:
Հովել Բ 12
Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում միտքը, չափի ու հակակշռի տակ է պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում է սեռական կրակը և վառում է ճշմարտության լույսը:
Օգոստինոս Երանելի
Պահեցողության պատճառով մեծամտանալը անմտություն է, քանի որ կարո՞ղ է արդյոք վարպետը մեծամտանալ նրանով, որ ինքը շատ գործիքներ ունի, եթե նա դրանցով ոչ մի օգտակար բան չի անում: Եվ այդպես էլ պահքը և մնացած բոլոր մարմնավոր ջանքերը միջոց են՝ առաքինություն ձեռք բերելու, և ոչ թե իրենք են հանդիսանում առաքինություն:
Հայր Զոսիմա
Զղջումը, աղոթքը, ապաշխարությունն անբաժան պետք է լինեն պահեցողությունից, քանի որ սրանք են հիմնական պայմանները, որտեղ գործում է Աստծո բուժիչ ու քավիչ զորությունը:
Շնորհք Պատրիարք
Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին՝ ասելով. «Բոլոր պտուղներից կեր»: Սա ուտիքի համար էր: «Բայց միայն մեկ պտղից մի՛ կեր» (Ծննդոց Բ 16-17), սա էլ պահքի համար էր: Ադամը, քանի որ պահեցողություն չարեց, զրկվեց դրախտից և չարչարանքների այս աշխարհը ժառանգեց: Ուստի, եթե մենք սրբությամբ պահք պահենք, կվերադառնանք դրախտ՝ մեր հայրենի տունը:
Հովհաննես Երզնկացի
Պահքի պնդությունը երկաթե ջլերով ամուր պահում է վարքի բոլոր առաքինությունները և հավատքի հաստատությունները, քանզի հզոր աշտարակ է ընդդեմ թշնամու և ամուր պարիսպ՝ սատանայի բոլոր նետերի դեմ:
Պահք է նաև խոնարհությամբ տեղում նստելը և փուչ մեկի պես ցոփությամբ չշրջելը՝ թափառելով և դրամաշորթությամբ: Պահք է նաև աչքերն արատությունից, լսելիքը՝ անդեպ լսելուց և սիրտը՝ պիղծ խորհուրդներից զերծ պահելը: Պահք է նաև չընկերանալը պատվի և իշխանության համար, չբարկանալը, չաղաղակելը, չնախանձելը, վրեժխնդիր չլինելը և չջանալ սեփական անձն ընկերոջ մոտ արդարացնելը: Պահք է ագահություն չանելը, չմարդահաճոյանալը և հանդերձով սնապարծ չլինելը: Պահք է նաև խոնարհությունը, հնազանդությունը և սուրբ սրտով բոլորին սիրելը: Պահք է նաև, երբ բնական քնի կարիքը միայն սպառի և ցանկության քուն չունենա:
Հովհան Մանդակունի