Պահք պահողների համար կարևոր է

Պահք պահողների համար կարևոր է

Մեծ Պահքի վերաբերյալ մարդկանց հուզող մի շարք հարցերի շուրջ զրուցեցինք Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

 

-Ի՞նչ հոգևոր, ծիսական կանոններ կան, որոնց պարտադիր պետք է հետևել Մեծ Պահքի ընթացքում:

-Մեծ Պահքի ընթացքում առհասարակ կարևոր է հավատացյալի կանոնավոր մասնակցությունը Ս. Պատարագներին, առավոտյան և երեկոյան ժամերգություններին: Ինչպես նաև կարևոր է մասնակցությունը Խոստովանության կարգին: Խորհուրդ ենք տալիս Մեծ Պահքի ընթացքում Ավետարան, եկեղեցու հայրերի ապաշխարության աղոթքներն ընթերցել:

 

- Կարելի՞ է Մեծ Պահքի ընթացքում պսակադրվել, մկրտվել, մատաղ անել:

-Մեծ Պահքի ընթացքում սովորաբար պսակադրություն չի կատարվում, սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը և այն, որ շատերն առանց իմանալու նախապատրաստվում են պսակադրությանն ու հնարավոր չէ տեղափոխել պսակի օրը՝ եկեղեցին ընդառաջում է և կատարում է պսակը՝ նախընտրելով օրհնել զույգերին և բացառել առանց օրհնության ընտանիք կազմելու հանգամանքը: Իրականում, սխալ է պահքի ժամանակ պսակվել, սակայն այս հարցում եկեղեցին առաջնորդվում է ոչ թե եկեղեցական կանոնների հրամայականով, այլ՝ հովվական խնամքի:

Մեծ Պահքի ընթացքում մատաղ չի կարելի անել, իսկ մկրտություն կարելի է: Մկրտության համար տարվա ընթացքում ոչ մի արգելված օր չկա:

 

-Կարելի՞ է արդյոք Մեծ Պահք պահել, եթե հենց սկզբից չես սկսել:

-Այո՛, կարելի է, եթե ինչ-ինչ պատճառներով չի ստացվել սկզբից պահել, ապա ցանկացած ժամանակահատվածից կարելի է պահքի մեջ մտնել:

 

- Հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ Ավագ շաբաթվա ընթացքում չի կարելի լողանալ, օճառով լվացվել:  Արդյո՞ք նման մոտեցումը ճիշտ է:

-Սա դասական սնոտիապաշտություն է, ոչ մի նման արգելք չկա:

 

- Կարելի՞ է Պահքը խախտել, այնուհետև նորից շարունակել:

-Այո՛, կարելի է: Սխալ է, եթե ինչ-որ պատճառով պահքը խախտվում է ու մարդիկ մտածում են, որ այլևս չեն կարող պահք պահել:

 

-Մեծ Պահքի շրջանում ե՞րբ է կարելի Ս. Հաղորդություն ստանալ:

-Պահքի ժամանակ Ս. Հաղորդություն չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ բաց Խորանով Պատարագ է մատուցվում:

 

-Ու՞մ չի կարելի պահել Մեծ Պահք:

-Երեխաներին, հղի կանանց, հիվանդներին, կերակրող մայրերին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-21
×