Անիրավ տնտեսի կիրակիից հետո Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք: Այսինքն՝ Մեծ պահքի օրերը կիսվում են: Այս տարի Միջինքը մարտի 27-ին է: Նշենք, որ այս արարողությունը եկեղեցական նշանակություն չունի:
Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Ընտանիքի անդամներից նրան, ում բաժին է հասնում մետաղադրամը, այդ մարդուն ողջ տարվա ընթացքում հաջողություն է սպասվում:
Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։ Այն հիշեցնում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին: Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել: Այդ օրը անդրադառնում ենք, որ մինչ Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է քսանչորս օր, և որ դեռևս խոկումի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության օրեր են:
Միջինքի օրը հայաստանյան նահանգներում և գավառներում տարբեր կերպ է նշվել, որոնց մասին գեղեցիկ ավանդազրույցներ են պահպանվել: Վանում, օրինակ, երիտասարդները գնում են իրենց արտը «ողջունելու» և ավետելու գարունը հետևյալ խոսքերով. «Աշխարհըն լույս տալու եկողը` թող քեզ ալ լիություն տա»:
Մուսալեռում հողագործներն անպայման նախ այցելում են իրենց արտերը՝ ստուգելու ծլարձակած բերքի վիճակը: Ուստի հարկ է նշել, որ տոնն անմիջականորեն առնչվում է գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ: Այդ մասին են վկայում տոնածիսական ճաշերը:
Միջինքին բաղարջ չէին պատրաստում այն ընտանիքներում, ուր նոր մահացության դեպքեր էին եղել: Մուշում և Տարոնում, բարեկամ կանայք հարեգիլ-բաղարջ էին պատրաստում և Միջինքի երեկոյան մատուցում սգավոր ազգականներին: