Այս կիրակի ամենքս միասին Մեծ Պահոց շրջանի ապաշխարության օրերի մեջ հասնում ենք 6-րդ հանգրվանին, որ մեր հայրերը եկեղեցու տոնացույցի մեջ անվանում են Գալստյան կիրակի: Մենք միասնաբար կարողացանք ճանապարհորդել Մեծ Պահքի կիրակիներով՝ բարձրանալով Քրիստոսի հետ չարչարանքի, մեղքի գիտակցության, ժուժկալության, չափավորության, զսպվածության ապաշխարության լեռը:
Գալստյան կիրակին փորձում է մեզ նկարագրել մեր իրականությունը, այսինքն խորհուրդը Աստծո հայտնության մեջ է: Նախևառաջ անդրադառնանք գալուստ բառին:
Ի՞նչ է նշանակում քրիստոնեական կյանքի, հավատքի մեջ Քրիստոսի գալուստ հասկացությունը: Գաղտնիք չէ, որ Քրիստոսի գալուստ է կոչվում նաև Սուրբ Ծնունդը, երբ Քրիստոս աշխարհ եկավ մեր փրկության համար և մեր շարականների, ծեսերի մեջ մենք հաճախ այս իրողությունը՝ Քրիստոսի Ծնունդը համարում ենք Նրա առաջին գալուստը, այլ կերպ ասած Քրիստոսի առաջին հանդիպումը մարդու հետ, և դրա շնորհիվ Քրիստոս մեր մեղավոր բնությունը միացրեց Իր աստվածային բնությանը և մեզ ցույց տվեց Աստծուն միանալու ճանապարհը:
Նա է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Այն ճանապարհը, որ տանում է դեպի հավիտենություն, այն ճշմարտությունը, որը արմատացած է մեր կյանքում հոգևոր գիտակցմամբ:
Ինչպես նշեցինք սա Քրիստոսի առաջին գալստյան մասին էր, իսկ երկրորդը՝ Նրա դատաստանի օրն է: Քրիստոս երբ համբարձվեց և նստեց Հոր աջ կողմում պատգամ թողեց առաքյալներին և աշակերտներին ասելով՝ գնացեք, քարոզեք բոլոր ազգերին և ահավասիկ ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը: Դրանից առաջ Քրիստոս քարոզել էր, որ Ինքը մի օր գալու է Հոր փառքով ամպերի վրա նստած և գալու է դատելու բոլոր ազգերին և ի վերջո իրագործելու է Աստծո արքայության հաստատումը դատաստանով: Ահա այս երկու գալուստների իմաստային փոխհարաբերությունն է, որ այսօր Գալստյան կիրակիով մեզ պարզվում է: Գալստյան կիրակիի շարականը մեզ հստակ ասում է, որ այժմ այս աշխարհում զվարճանանք հույսով և երկրորդ գալստյան ժամանակ մենք Քրիստոս Քեզ հետ ցնծանք: Մենք՝ իբրև հասարակ մարդիկ, գտնվում ենք Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստների մեջտեղում:
Մեծ Պահքի ընթացքում մենք, հետահայաց գցելով Քրիստոսի առաջին գալստյանը, պետք է կարողանանք արժևորել մեզ իբրև Քրիստոսի հավատարիմ ծառաներ Նրա երկրորդ գալստյան ժամանակ: