Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Այս տարի ապրիլի 14-ին (2019) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարում է իր գեղեցկագույն տոներից մեկը` Ծաղկազարդը, որը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդիսավոր և հաղթական մուտքը Երուսաղեմ: Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Այդ օրը  Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալինօրհնյալ լինի Նաով գալիս է Տիրոջ անունովօրհնյալ լինի մեր հորԴավթի թագավորությունըոր գալիս էԽաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մատթ 21:9): Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները տարածելով ճանապարհին: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Շփոթությունը ամբողջովին պատեց փարիսեցիներին ու քահանայապետներին, քանի որ նրանք չէին սպասում ժողովրդի սիրո այսպիսի բուռն արտահայտություն: Նրանք, լսելով օրհնաբանությունները, վրդովված ասացին Քրիստոսին. «Վարդապե՛տսաստի՛ր աշակերտներիդոր լռեն»: Իսկ Հիսուս պատասխանեց նրանց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերը կաղաղակեն» (Ղուկաս 19:39-40):
 

Անդրադառնալով տոնի զուտ ծիսական կողմին` նշենք, որ այս տոնը Հայ Եկեղեցում կոչվում է Ծաղկազարդ (հնում` նաև` Արմավենյաց տոն), քանի որ եկեղեցիներում օրհնվում և հավատացյալներին են բաժանվում ուռենու նորաբողբոջ ոստեր` ի հիշատակ և ի նմանություն Երուսաղեմում Քրիստոսին ծաղկած ճյուղերով դիմավորող ժողովրդի, իսկ առհասարակ Ծաղկազարդի կիրակին քրիստոնյա եկեղեցիները նաև զարդարվում են արմավենու ճյուղերով ու ձիթենու ոստերով` ավելի ընդգծելով տոնական տրամադրությունը:
 

Ծաղկազարդի նախորդ երեկոյան նշվում է Ղազարոսի հարության հիշատակը՝ որպես օրինակ համընդհանուր հարության ու փրկագործության: Այդ օրը՝ երեկոյան, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, քանի որ Ծաղկազարդին բաց Պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի: Հաջորդ օրը, ժամերգությունից, հանդիսավոր Անդաստանից հետո մատուցվում է Ս. Պատարագ:
 

Տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:
Ծաղկազարդի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է Մանուկների օրհնության օր:

  • 2021-09-21
×