Ավագ չորեքշաբթի՝ հիշատակ մատնության

Ավագ չորեքշաբթի՝ հիշատակ մատնության

Ավագ չորեքշբաթին իր խորհրդով, թերևս, Քրիստոսի երկրային կյանքի ամենաողբերգական ու մռայլ դրվագն է բացահայտում: Սա այն օրն էր, երբ Տիրոջ 12 առաքյալներից մեկը, հակառակվելով Հիսուսին, ցույց տվեց իր հոգու և մտքի դավաճանությունը: Հուդան իր ընթացքի մեջ բազմաթիվ սայթաքումներ էր ունեցել:
 

Սուրբ Հովհաննես Ավետարանիչը մի դրվագ է հիշատակում: Երբ Տիրոջ գլխին մեկ շիշ նարդոսի յուղ լցրեցին, Հուդան սկսեց բողոքել. «Ինչու՞ վատնվեց այս յուղը»: Նրա հոգեբանության մեջ արդեն ներքին հակասումներ էր սկսվել. դարձել էր նյութապաշտ: Ոչ թե մտահոգված էր աղքատներով, այլ սեփական անձով: Ինչպես գիտենք Տերը առաքելական խմբի գանձանակը հենց Հուդային էր վստահել, ով նենգաբար գողություններ էր կատարում՝ հակառակվելով Տիրոջ կամքին: Ահա այս հոգեբանությամբ Հուդան Ավագ չորեքշաբթի օրը գնաց քահանայապետների մոտ և պայման կապեց նրանց հետ: Ծաղկազարդից հետո շատ լարված իրադրություն էր, որովհետև Տերը մտավ Երուսաղեմ կիրակի օրը, մաքրեց տաճարը առևտրականներից և այս հանգամանքն ամենևին դուր չեկավ իշխանություններին, ովքեր նպատակաուղղված քայլեր էին փորձում ձեռնարկել այս շարժը կասեցնելու համար: Նրանք մտածեցին ձերբակալել և սպանել Տիրոջը, բայց քաջ գիտակցում էին, որ այդ ամենն անել ժողովրդի աչքի առաջ չեն կարող, քանի որ մեծ արյունահեղություն և ապստամբություն կսկսվեր: Տերը, երբ հայտնվում էր և քարոզում որևէ տեղ, Նրան հիացմունքով լսում էին տասնյակ հազարավոր մարդիկ: Իշխանությունները մտահոգված էին հենց այս հանգամանքով:
 

Փարիսեցիները և օրենսգետները պլանավորել էին Հիսուսին սպանելու ծրագիր, որըպետք է հստակ քայլերով իրագործեին: Երբ Հուդան կամավոր դիմեց, թե կարող է մատնել Տիրոջը, դեպքերն ավելի արագացան:Նա Հիսուսին շատ լավ ճանաչում էր և կօգներ անմիջապես ձերբակալել Նրան: Այս ծրագրի իրականացման նպատակով Հուդան ներկայանում է տաճար, որտեղ նրան իր գործի համար վճարում են 30 արծաթ. արյան գնի 30 արծաթը: Ահա այս պայմանավորվածության հիշատակն է Ավագ չորեքշաբթին: Հուդայի քայլը ոչ այլ ինչ էր, քան նյութապաշտություն: Նա կարծեց, թե 30 արծաթով երջանիկ կյանք կարող է ապահովել իր համար: Սակայն օրեր անց նա դիվահարվեց և ինքնասպան եղավ: Իր օրինակով նա աշխարհին ցույց տվեց կյանքի մռայլ կողմը:

  • 2021-09-21
×