Կամավոր պահքերը հայոց մեջ

Կամավոր պահքերը հայոց մեջ

Հայոց եկեղեցական «Տոնացույց»-ը կազմված է տերունական և սրբերին նվիրված տոներից և շուրջ 160 սննդային պահքի օրերից, որոնք են օրապահքերը՝ չորեքշաբթին և ուրբաթը (բացառությամբ որոշ չորեքշաբթիների և ուրբաթների), տասներկու շաբաթապահքերը և Զատկին նախորդող Քառասնորդաց պահքը։

 

 

Բացի կանոնական պահքերից, հայոց մեջ կենցաղավարել են նաև ոչ տոնացուցային պահքեր: Դրանց մասին հիշատակություններ կան V դարից մինչև XX դարասկիզբ եղած աղբյուրներում։ Այդ պահքերն ունեցել են տարբեր տևողություններ (մեկօրյա, շաբաթական, քառասնորդական) և նպատակներ (ամուսնություն, որդեծնություն, բժշկություն, դժբախտությունից ազատում, սրբի բարեխոսությանն արժանացում, ուխտագնացության նախապատրաստում և այլն), պահվել են անձի, ընտանիքի ու համայնքի համար Աստծու օրհնությունը խնդրելու ակնկալիքով։ 

 

 

Կամավոր օրապահք էր Համբարձման տոնին նախորդող չորեքշաբթին: Համբարձման տոնը  հայտնի է նաև «Ծաղկամոր տոն» անունով, ինչը կապված էր ժողովրդական ծիսաշարի մաս կազմող խաչաձև ծաղկեփնջի՝ Ծաղկամոր անվան հետ։ Ծաղկամերը նույնացվում է Վառվառա կույսին, ով քրիստոնեություն ընդունելու համար հոր կողմից հալածվել էր և նահատակվել։ Նահատակվելուց առաջ կույսն Աստծուն խնդրել էր, որ ծաղիկ հիվանդություն ունեցողներն իր անունով բժշկվեն։ Դրանից հետո նրա նահատակության վայրը՝ Արայի լեռան լանջին գտնվող այրը, կոչվել է «Ծաղկեվանք» կամ «Վառվառա կույսի քարայր»։ Հետևաբար` մայրերը Ծաղկամոր տոնին պահք են պահել՝ երեխաներին ծաղիկ հիվանդությունից զերծ պահելու նպատակով:

 

 

Կամավոր շաբաթապահքերից էր Աթոռքը, որը պահել են որոշ կանոնական շաբաթապահքերից առաջ՝ Աստծուց որևէ բան խնդրելու կամ կատարված խնդրանքի համար Տիրոջը շնորհակալ լինելու նպատակով: Հայտնի են Աստվածածնի Վերափոխման, Վարդավառի, Եղիական, սուրբ Սարգսի, սուրբ Հակոբի, Խաչվերացի Աթոռքները։

 

 

Ուշագրավ է ամուսնությունից առաջ փեսայի ու հարսի և նրանց ընտանիքների կողմից երբևէ ընդունված շաբաթապահքը, որը նպատակ է ունեցել զույգին պահպանել ամեն տեսակի փորձություններից:

 

 

Քիչ հայտնի է սուրբ Վարդանի շաբաթապահքը: Ավարայրի հերոսների հիշատակը տոնվում է Բուն բարեկենդանի նախընթաց հինգշաբթի, հետևաբար՝ տոնին նախորդող պահքը լինում է Առաջավորաց պահքից մինչև Մեծ պահք ընկած երկշաբաթյա շրջանի երկրորդ շաբաթվա ընթացքում: Թեև այդ հատվածում եկեղեցական «տոնացույց»-ը երբևէ պահք չի սահմանել, իսկ ըստ ազգագրական աղբյուրների՝ այդ շաբաթները կերուխումի, զվարճանքի և հարսանիքների բարեկենդանյան շրջան է եղել, բայց կամավոր պահք պահողները երկրորդ շաբաթից հրաժարվել են: Այսպիսով՝ Մեծ պահքը նրանց համար ոչ թե յոթ, այլ ութ շաբաթ է տևել: Այս պահքն ավարտվել է շաբաթ օրը դեպի Ալափարսի Սբ. Վարդանի վանք ուխտագնացությամբ, որի մասնակիցները սրբից բժշկություն են հայցել։

 

 

Որոշ բնակավայրերում Համբարձումից մինչև Հոգեգալուստ պահել են «Համբարձման», «Սուրբ Հոգու» կամ «Ինը դաս հրեշտակի պահք» անուններով հայտնի պահքը, որը եղել է Հոգեգալստից ութ օր առաջ։ Այն կապված է հետևյալ ավանդության հետ. մինչ Գրիգոր Լուսավորիչը գտնվել է խոր վիրապում, նրան ամեն օր մի հրեշտակ է այցելել։ Համբարձման չորրորդ օրը հրեշտակը չի գնացել, և երբ հաջորդ օրը Լուսավորիչը հարցրել է բացակայության պատճառը, ասել է, որ Քրիստոսի Համբարձման առիթով հրեշտակների ինը դասերը հաջորդաբար տոնախմբություն են կազմակերպել։ Այդ օրը եղել է չորրորդ դասինը, ուստի չի կարողացել այցելել։ Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և այլ աղբյուրների հաղորդած տեղեկությունների հիման վրա կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մինչև XV դ. կեսերը այդ ժամկետում տոնացուցային պահք եղել է, բայց ամբողջ ընթացքը կամ միայն չորեքշաբթին և ուրբաթը պահելը թողնվել է անհատի կամքին։ XV դ. մինչև XX դ. սկիզբը «տոնացույց»-ում բացակայել է, սակայն կենցաղում պահպանվել է որպես կամավոր պահք։

 

 

Կամավոր Քառասնորդաց կամ Հիսնակաց պահքեր են նախորդել Սուրբ Ծնունդին և Վարդավառին:

 

 

Եկեղեցական ավանդույթի ուժով հոգևորականը քառասնօրյա պահք է պահում ձեռնադրությունից հետո:

 

 

Պատմությունից հայտնի են հասարակական և բնական աղետների ժամանակ պահվող պահքեր: Եղիշեն գրում է, որ Վարդանանց պատերազմի ժամանակ Եկեղեցին հրահանգել է մեկ ամիս անցկացնել «պահօք եւ աղօթիւք»: Եվ քանի որ բոլորը չէ, որ կարող էին ծառայության կամ աշխատանքի պատճառով տևական ժամանակ անցկացնել պահքի և աղոթքի մեջ, ուստի բարեպաշտությամբ հռչակված անձանց միջից ընտրվել են հատուկ պահողներ:

 

 

Կամավոր պահքի հետաքրքիր դրսևորում է սգավորների պահքը, որը եղել է հանգուցյալի հոգու փրկության համար։ Այս պահքը տեսնում ենք դեռևս Աստվածաշնչում, երբ Սավուղի մահվան առթիվ իսրայելացիները յոթ օր պահք են պահում (հմմտ. Ա Թագավորություններ, 31.13, Բ Թագավորություններ, 1. 12)։ Եղիշեն և Ղազար Փարպեցին նկարագրում են, որ պատերազմի ժամանակ ամուսիններին կորցրած տիկնայք, «իբրեւ այրիք սգաւորք», հրաժարվել են սպահքավորներից, լվացումներից, օծումներից և ազնիվ հանդերձներից։ Նրանք սնվել են կորեկհատով, բանջարեղենով և միայն ջուր են խմել: Գրիգոր Տաթևացին նույնպես վկայում է, որ հայերը սուգն անցկացրել են «ի սով եւ ի ծարաւ»։ 

 

 

Եկեղեցու հայրերը, չարգելելով կամավոր պահքերը՝ որպես հավատքի դրսևորում, խրախուսել են նախևառաջ ջանադիր լինել կանոնական պահքերը պահելու մեջ և կամավոր պահքեր պահել ոչ միայն զանազան նպատակների, այլ նաև տոնացուցային պահքերը խախտելու դեպքում: Այսօր էլ հաճախ հոգևորականը պահք է նշանակում ապաշխարության ընթացքի մեջ գտնվող հավատացյալին:

 

 

Պատրաստեց` Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2021-09-21
×