Ավետում

Ավետում

Ավետման տոնը գրեթե միշտ ժամանակագրական առումով մոտ է Մեծ Պահքին: Այս անգամ Ավետման տոնն Ավագ Ուրբաթի օրվան է համընկել, ինչը խորհրդանշական է:

 

Ավագ Շաբաթը Քրիստոսի չարչարանքների շաբաթն է, երբ մենք հիշում ենք Տիրոջ մատնությունն ու Խաչելությունը: Կյանքում յուրաքանչյուր մարդ էլ առիթ ունենում է իր մաշկի վրա զգալու չարչարանքների ծանրությունը: Սակայն Ավետարանը ոչ թե պատմում կամ նկարագրում է մարդկանց չարչարանքները, այլ Աստծո, ա՛յն Աստծո, Ով ստեղծեց ամբողջ աշխարհը և մարդկանց, ա՛յն Աստծո, Ով ժամանակից և տարածությունից դուրս է:

 

Այս ամենով հանդերձ` տեղի ունեցավ աներևակայելի մի իրողություն, Աստված խաչվեց` խաչի վրա բացականչելով. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ»: Բոլոր Ավետարանները խոսում են այս խորհրդի մասին, թե ինչպե՛ս Աստված մարդկանց նկատմամբ ունեցած սիրով հանձն առավ չարչարանք և մահ: Ինչպե՞ս. «Բանը մարմին եղավ»: Չդադարելով լինել Աստված` Արարիչը հագավ մարդկային մարմին:

 

Ի՞նչ է նշանակում Ավետում, մի տոն, որ պատմում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Կույս Մարիամի արգանդում հղացման մասին: Թերևս շատ ֆիզիոլոգներ ու կենսաբաններ փորձում են կասկածի տակ առնել այս իրողությունը. կարծես թե քրիստոնյաները չգիտեն կենսաբանության օրենքները: Մենք խոսում ենք հրաշքի մասին, իսկ հրաշքի էությունը կայանում է ոչ թե նրանում, որ Կույսը հղիացավ, այլ այն, որ Ինքը` Աստված Իրեն նույնացրեց մարդուն և այն ամենին, ինչ տեղի է ունենում մարդու կյանքում:

 

Սակայն այս հրաշքը չէր կարող տեղի ունենալ միայն Աստծո կամքով: Հավանաբար Սուրբ Գրքի բացահայտումներից ամենամեծն այն է, որ Աստված երբեք չի բռնանում մարդու կամքին, թույլ է տալիս մեզ ազատ ընտրություն անել: Ուստի, Աստված հենց այնպես երկնքից չիջավ ու հանգրվանեց Սուրբ Կույսի արգանդում. նախ` Աստված, Գաբրիել հրեշտակի միջոցով, ակնկալում էր Աստվածամոր համաձայնությունը, և միայն այն ժամանակ, երբ Աստվածամայրը խոնարհաբար համաձայնում է` ասելով` «Ահավասիկ ես Տիրոջ աղախինն եմ, թող լինի Տիրոջ կամքը», Սուրբ Հոգին իջնում է Աստվածամոր վրա, և Բանը Մարմին է դառնում: Այստեղից և սկսվում է ավետարանական մյուս պատմությունները` Ծնունդ, փախուստ Եգիպտոս, փորձություն, բժշկություններ և հրաշքներ, Վերջին ընթրիք և ձերբակալություն, Խաչելություն և Հարություն: Մեր փրկության ամբողջ պատմությունը սկսվում է Ավետման տոնի խորհրդից, երբ հրեշտակը սպասում է Կույսի պատասխանին: Աստված ոչ թե միայն խոսում է մարդու հետ, այլ նաև ցանկանում է լսել նրան:

 

Ի՞նչ կարող ենք մենք Աստծուն այսօր ասել: Գուցե մտածե՞լ է պետք: Բայց ինչքան էլ մտածենք, մի բան հստակ է՝ Աստված մեր գեղեցիկ խոսքերին չի սպասում, այլ հավատքի գործերին, որոնք կխոսեն ու կվկայեն մեր սերն ու խոնարհությունը Տիրոջ հանդեպ, թե՝ ահավասիկ, Տիրոջ ծառան եմ: Իսկ Տիրոջ ծառան կոչված է, իմաստուն կույսերի օրինակով, միշտ վառ պահել հավատքի կանթեղը, պատրաստ լինել` Աստծուն ընդառաջ գնալու և Տիրոջ ճանապարհը լուսավորելու:

 

Այսօրվա ավետիսը հրավեր է ամենքիս` մեր հավատքը զորացնելու, արթուն և իմաստուն լինելու: Բոլորն էլ գուցե հավատում են և գիտեն, որ մահից հետո կա կյանք, բայց ոչ ոք ինքն իրեն հարց չի տալիս, թե ինչ է լինելու ինձ հետ մահից հետո: Մարդկանց ավելի հետաքրքիր են օրվա քաղաքական նորությունները, գների աճը կամ նվազումը: Իսկ այն ավետիսը, որը կարևոր է յուրաքանյուրիս հոգուն և որը մեզ առաջնորդում է դեպի հավիտենականություն, միշտ չէ, որ հետաքրքրում է և արժևորվում:

 

Սիրելինե՛ր, Աստված այսօր ակնկալում է նաև մեր պատասխանը, որը միայն խոսքեր չպիտի լինեն, այլ` խոնարհության և Աստծո կամքին հնազանդության մի ուխտ, որ պիտի անցնենք` Աստվածամոր բարեխոսությամբ և Աստծո ողորմածությամբ:

 

Տ. Եսային քհն. Արթենյան

  • 2023-04-06
×