«․․․բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա» (Մատթ. 26:11)
Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է նաև չորրորդ ժամանակաշրջանի։
Այս օրը մեր Տիրոջ մատնության, ինչպես նաև անուշահոտ յուղով օծման հիշատակի օրն է: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը, Ղազարոսի քույր Մարիամը թանկարժեք յուղով օծեց Հիսուսի ոտքերը, ինչը խորհրդանշում էր Տիրոջ մոտալուտ մահը: Կինը, ով նարդոսի թանկարժեք յուղով օծում էր Քրիստոսի ոտքերը, արժանացավ աշակերտների բարկությանը, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ։ Հիսուս նրանց պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11-13):
Խաչելությունից երկու օր առաջ Քրիստոսի օծմանը հաջորդում է Նրան մատնելու Հուդայի որոշումը: «Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. 16:14-15):
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն: Եկեղեցին այսօր պատգամում է հավատարիմ լինել Քրիստոսին և հեռու մնալ ամեն մեղքից և գայթակղությունից, լինել իսկապես աստվածասեր և ոչ թե Հուդայի պես, ով պատրաստ էր 30 արծաթով Տիրոջը մատնել։ Քանզի ինչպես Սուրբ Պետրոս առաքյալն է ասում. «Իմացե՛ք, որ ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից, այլ՝ թանկագին արյամբ Քրիստոսի, որ անբիծ և անարատ է, ինչպես մի գառ» (Ա Պետր. 1: 18-19):