Ավագ հինգշաբթի առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, որից հետո մատուցվում է Ս. Պատարագ: Ապաշխարողաց կարգից հետո է, որ մենք բոլորս, անցնելով ապաշխարության ճանապարհով, արժանի ենք դառնում Ս. Պատարգին մասնակցելուն և Ս. Հաղորդություն ստանալուն. «Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ» (Հովհաննես 6։57):
Մենք անկարող ենք միայնակ հաղթահարելու մեր մեղքերը, և մեր Տերը՝ Քրիստոս գալիս է՝ օգնելու մեզ այդ դժվարին ճանապարհին: Ս. Պատարագի ընթացքում մենք զգում ենք, Աստծո խնամքը և այն, թե ինչպես Նա մեզ համար զոհաբերեց իր Միածին որդուն: Գալիս ենք Եկեղեցի՝ մեր մեղքերը խոստովանելու Աստծո առաջ ու ասելու՝ առանց քեզ մենք անկարող ենք, ուստի՝ լվա և մաքրիր մեր հոգին ու սիրտը: Ավագ հինգշաբթի կատարվող Ս. Պատարագը հենց այս խորհուրդն ունի՝ առանց Քրիստոսի Արյան ու Մարմնի Հաղորդության՝ մենք չենք կարող փրկություն ունենալ:
Ավագ հինգշաբթի օրը հիշատակվում է Հիսուս Քրիստոսի Վերջին` Խորհրդավոր ընթրիքը: Այս ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը, օրհնեց այն, կտրեց, և տալով իր տասներկու աշակերտներին` ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը» (Մատթ. 26։ 26): Ապա, բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթ. 26։ 28):
Հիսուս վերջին ընթրիքի ժամանակ ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջև ու լվաց նրանց ոտքերը: Այդկերպ Տերը հեզության ու խոնարհության օրինակ ծառայեց իր աշակերտներին և բոլոր քրիստոնյաներին: Նույն խորհրդով Ս. Պատարագից հետո կատարվում է Ոտնլվայի արարողությունը: «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք» (Հովհ. 13.1-20):