Ավագ Ուրբաթ. խաչելություն և մահ

Ավագ Ուրբաթ. խաչելություն և մահ

 

«Նա մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24)

 

 

Ավագ ուրբաթը խորհրդանշում է արարչագործության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում:  Ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կողակիցը՝ Եվան, այնպես էլ Տիրոջ կողից հաստատվեց Նրա հարսը՝ Եկեղեցին:

 

 

Այսօր թեպետ ուրախություն է քրիստոնյաներիս հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն, քանի որ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:

 

 

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է հինգշաբթի`երեկոյան: Արարողության ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք պատմում են Հիսուսի` Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի` ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալը: Յուրաքանչյուր ընթերցումից հետո հանգցնում են տասներկու վառվող մոմերից երկուսը, իսկ վերջում վառված մնում է միայն կենտրոնի մեծ մոմը: Տասներկու մոմերը խորհրդանշում են Քրիստոսի աշակերտներին, ովքեր հերթով լքեցին Նրան, իսկ մեծ մոմը խորհրդանշում է Տիրոջը, ով մնաց միայնակ:

 


Ապա մարվում են եկեղեցու բոլոր լույսերը և երգվում է «Փառք ի բարձունս» շարականը: Այս փառաբանությունն առաջին անգամ երգել են հովիվները` լսելով Քրիստոսի ծննդյան ավետիսը. «Փա՜ռք Աստծուն` բարձունքներում, երկրի վրա` խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն` մարդկանց մեջ» (Ղուկ. 2:14): Շարականի ավարտին հնչում է «…ծագեա» բառը, և կրկին վառվում են լույսերը:

 

 

Ավագ ուրբաթ առավոտյան կատարվում է Խաչելության կարգ, որի ընթացքում կարդացվում են Հիսուսի` Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները:

 

 

Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի։

 

 

Արդեն մահացած Հիսուսին խաչից իջեցնում և, պատանքի մեջ փաթաթելով, դնում են վիմափոր գերեզմանի մեջ` գերեզմանի մուտքը փակելով վեմ քարով:

 

 

«Նա մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24): Ի՞նչ են ուսուցանում մեզ` քրիստոնյաներիս Քրիստոսի չարչարանքը, խաչելությունն ու մահը: Դա մեր փրկության ուղին էր, որ հանձն առավ Քրիստոս` լուռ և միայնակ կրելով իրեն բաժին հասած չարչարանքները, ենթարկվելով ծաղրի, խաչելության: Սակայն խորհենք մի պահ` որքանով ենք մենք՝ քրիստոնյաներս արժևորում այդ զոհաբերումը։ Արդյոք մենք էլ չե՞նք ծաղրում, ցավ չենք պատճառում Տիրոջը՝ մեր գործած մեղքերով, մեր ապրելակերպով։ Ի՞նչ գին ունի Փրկչի զոհաբերումը մեզ համար, յուրաքանչյուրիս կյանքում ու կենսաձևում։ Պատասխանը մեկն է, այն, ինչ քարոզում և սովորեցնում է մեզ մեր հավատքը՝ Սեր։ Տերը միայն ցանկանում է, որ մենք սիրենք Նրան, տեսնենք Նրան յուրաքանչյուրի մեջ, չծաղրենք ու չանարգենք Նրան մեր անտարբերությամբ, չանտեսենք, ցավ չպատճառենք միմյանց, քանի որ բոլորիս համար Նա խաչվեց։

 

 

«Եվ ձեզ, որ մի ժամանակ օտարացած և թշնամացած էիք Նրան ձեր մտածումներով և չար գործերով, այժմ, ահավասիկ, հաշտեցրեց ձեզ իր իսկ մարմնով և իր մահվամբ, որպեսզի ներկայացնի ձեզ Աստծու առաջ սուրբ, անբիծ և անարատ» (Կող. 1:21-22):

  • 2021-02-09
×